Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ ՊՆ-ն չունի թեժ գիծ

Քաղաքականություն
pn-1

13 հունիսի  2016, Երևան: Հայաստանի պետական գերատեսչություններից շատերն ունեն «ԹԵԺ ԳԻԾ», որի արդյունավետ գործունեության մասին կարելի է շատ բանավիճել, բայց այն, որ դա կա, արդեն խոսում է այն մասին, որ գերատեսչությունն ու հասարակությունն իրար հաղոդակից  դարձնելու փորձը առկա է, մնում է այն կատարելագործել, ավելի արդյունավետ դարձնել: Հիմա այն մասին, թե ինչու ոչ բոլոր գերատեսչություններն են տալիս քաղաքացիներին այդ հետադարձ կապի հնարավորությունը: Օրինակ՝ Պաշտպանության նախարարությունը չի ապահովում նման հնարավորություն այն դեպքում, երբ ապրիլյան պատերազմը ամբողջովին մերկացրեց այդ ոլորտի բացթողումները: Եթե հասարակության մեջ չլինեին հոգատար ու սրտացավ մարդիկ, ապա զոհված ու վիրավոր զինծառայողների ընտանիքների անդամներն իրենց հոգսերի ու կարիքների մասին ասելիքը տեղ չէին կարողանա հասցնել: ՊՆ զինծառայողների սոցիալական վարչության գործունեության մասին իրենց կայքում  (http://www.mil.am/hy/pn/317/18/130/p/about) դրված են վարչության խնդիրները, որոնք զբաղեցնում են 5 էջ, և որտեղ կան զինվորների ու զինվորականների, նրանց ընտանիքների բազում սոցիալական խնդիրները լուծելուն միտված կետեր, որոնց մասին տեղյակ չեն շահառուները, ու քանի որ նրանց հետ չկա անմիջական շփման հնարավորություն, զինծառայողների հարազատները ենթարկվում են շատ լուրջ սթրեսի: Հարց ենք բարձրացնում.  ինչո՞ւ Պաշտպանության նախարարության սոցիալական վարչությունը չունի ԹԵԺ ԳԻԾ, որպեսզի շահառու քաղաքացիներն անմիջապես կարողանան իրենց մտահոգող խնդիրների մասին բարձրաձայնել ու դրանք հնարավորինս արագ ստանան համապատասխան լուծում: Միայն թե, խնդրում եմ, որպես հակափաստարկ չբերեք ՊՆ –ի փակ կառույց լինելու ակնհայտ փաստը: Կրկնում եմ՝ ԹԵԺ ԳԻԾԸ պետք է լինի ՊՆ-ի Զինծառայողների սոցիալական վարչության աշխատակազմի անմիջական գործառույթը: Խնդրում եմ սույն հրապարակումը դիտարկել որպես հասարակական հնչեղություն ստացած խնդիր և պատշաճ արձագանքել հարցին. ինչո՞ւ ՊՆ-ն չունի ԹԵԺ ԳԻԾ:   Անահիտ Բախշյան Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ