«ՀՕՊ համաձայնագրում որևէ տառ չկա՝ կապված Արցախի հետ» (տեսանյութ)
Քիչ առաջ ավարտված ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստին քննարկվել են պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ հանդիպումների արդյունքները, ներքին և արտաքին քաղաքական հարցեր: Այս մասին լրագրողներին հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի այցը բավականին արդյունավետ եղավ: Սերժ Սարգսյանի հետ բանակցությունները տվեցին լուրջ արդյունքներ: Պարոն Զեմանը նշեց, որ ովքեր ժխտում են ցեղասպանությունը, վախկոտ են: Սա, անշուշտ, ազդակ է Թուրքիայի նախագահ Էրդողանին և նրա քաղաքական թիմին: Չեխիայի նախագահը՝ որպես ԵՄ անդամ երկրի ղեկավար, նշեց նաև, որ 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն է և աշխարհը դա պետք է դատապարտի»,-նշեց պարոն Շարմազանովը: Խոսելով Ռուսաստանի հետ ՀՕՊ միավորված համակարգ ստեղծելու համաձայնագրից՝ ՀՀԿ խոսնակն ասաց. «Համաձայնագիրը հիմնականում քննադատում են նրանք, որոնց մեծ մասը ծանոթ չէ դրան, չի ընթերցել տեքստը: Շատերն անում են մեկնաբանություներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում»: Գործիչը շեշտեց, որ Բելառուսն ու Ռուսաստանը կնքել են միասնական համաձայնագիր, իսկ մեր երկրի դեպքում միավորված համաձայնագիր է: Սա նշանակում է, որ երկու կողմերը պահպանում են իրենց ինքնիշխանությունը: Պարոն Շարմազանովը մանրամասնեց, որ համաձայնագրի 3-րդ հոդվածում նշված է, որ քանի որ մեր երկիրն ու ՌԴ-ն չունեն ցամաքային սահման, Հայաստանի սահմաններում ունենում ենք առանձին ՀՕՊ համակարգ, որի ղեկավարումն իրականացվելու է ՀՀ ԶՈՒ պաշտոնյայի կողմից: «Այս համաձայնագրում որևէ տառ, բառ, ստորակետ կամ այլ կետադրական նշան չկա, որ դա կապված է Արցախի հետ: Այս համակարգը հնարավորություն է տալիս մեզ օգտվելու Ռուսաստանի հակաօդային համակարգի լայն հնարավորություններից»,-ընդգծեց նա: