Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀԱԿ-ում շամաննե՞ր են, մարգարենե՞ր, թե՞ պայծառատեսներ» (տեսանյութ)

Քաղաքականություն
levon-zurabyan

ԱԺ-ում այսօր 2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր ելույթում հայտարարեց՝ մեր տնտեսությունը հիվանդ է, ու այն սպառնալիք է ՀՀ եւ ԼՂՀ ազգային անվտանգության համար: Նա նշեց, որ նախկինում իրենց արած բոլոր կանխատեսումներն ու գնահատականներն իրականացան. «Չեմ հասկանում՝ ՀԱԿ-ում շամաննե՞ր են, մարգարենե՞ր, թե՞ պայծառատեսներ, որ ամեն ինչ այսքան լավ, ճշգրտորեն կանխատեսում են ու գնահատում: Բա հետո էլ ասում եք պրոֆեսորներ ունենք, կարմիր դիպլոմավորներ կամ առանց դրա, որոնք շատ են սիրում ճամարտակել իրենց պրոֆեսիոնալիզմով, բա իրենք չե՞ն տեսնում՝ ինչ է կատարվում: Միջազգային գնահատականներով՝ մեզ մոտ ներդրումների կոլապս է»: Ըստ նրա՝ աղետալի վիճակում է բանկային համակարգը եւ, չնայած աղետալի արտագաղթի, գործազրկությունը չի պակասում. «Ձեր միակ տնտեսական ծրագիրը անծրագիր պատկերի փոխառությունն է: ՀՀ-ն պարզապես գլորվում է պարտքային ահռելի փոսի մեջ, սակայն պաշտոնյաները գալիս են այստեղ վայելչագեղ տեսքով, օլիմպիական համբերությամբ, սեթեւեթ հանդուրժողականությամբ հումորներ են շաղ տալիս, իսկ ՀՀ-ն ծանր տնտեսական ճգնաժամի մեջ է, եւ պետք է արագորեն գտնել ու կատարել արմատական քայլեր: Նորից պնդում ենք՝ հանրային քննարկման լայն ձեւաչափով ընդունել հակաճգնաժամային ծրագիր՝ լավագույն մասնագետների ընդգրկելով, իսկ ԱԺ-ն դրա համար դարձնելով հիմնական հարթակը»: Նրա ժամանակը լրացավ եւ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը անջատեց նրա խոսափողը: Լեւոն Զուրաբյանն ասաց, որ մեկ րոպե ժամանակ տա՝ ավարտելու համար միտքն ու նաեւ հայտարարի, թե ինչպես են քվեարկելու: Հերմինե Նաղդալյանը նշեց, որ ԲՀԿ ժամանակից է գնալու, չի կարող հավելյալ ժամանակ տալ: Այդ պահին շնչակտուր ամբիոնին մոտեցավ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, որը այդ պահին էր մտել դահլիճ: Լեւոն Զուրաբյանը կատակով դիմեց նրան՝ ցույց տալով իր ելույթի տեքստը եւ ասելով, որ կարդա վերջին տողը: «Լավ, դա հետո»,- արագ արձագանքեց Միքայել Մելքումյանը: Ի դեպ, ՕԵԿ-ը դեմ է քվեարկելու, իսկ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն՝ ձեռնպահ: