Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ակոս». Թուրքիայի հայ համայնքը վիրավորվել է արքեպիսկոպոս Աթեշյանից

Քաղաքականություն
akos

Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը բաց նամակ է հրապարակել` ուղղված Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպսիկոպոս Աթեշյանին` կապված վերջինիս կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակի հետ: «Ակոս»­ի խմբագրակազմը հայտնել է, որ իրենք մեծ բարկությամբ են ընթերցել Աթեշյանի նամակը, որտեղ պատրիարքական փոխանորդը Էրդողանին հայտնել էր, թե իբր Թուրքիայի հայ համայնքը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման փաստը մեծ ցավով է ընդունել: «Ընդունեք այս նամակը որպես այդ համայնքի անդամը հանդիսացողների, սակայն Ձեր տեսակետները և ձևակերպումները չընդունողների ձայնը: Մի երկրի կողմից սեփական քաղաքացի համարվող ժողովրդին իրենց իսկ բնակեցրած տարածքներից գրեթե ամբողջությամբ ոչնչացմանը ձեր կողմից տրված «Առաջին աշխարհամարտի տարիների ողբերգական ժամանակաշրջանում տեղի ունեցած դեպքեր» ձևակերպումը վիրավորանք է զոհերի և ողջ մնացածների հասցեին»,­ ասվում է «Ակոս»­ի բաց նամակում: « ինչպե՞ս կմեկնաբանեք ինքներդ Ձեզ և Ձեր խղճի առաջ, որ այն անձը, ում դիմել եք նամակում` նախագահ Էրդողանը, ինչպես ամեն հարմար առիթի դեպքում, այնպես էլ դեռևս երկու օր առաջ` բանաձևի ընդունումից հետո, որպես հակազդեցություն սպառնաց Թուրքիայում գտնվող Հայաստանի քաղաքացիներին»,­ նշել են «Ակոս»­ից` մեջբերելով Էրդողանի խոսքերը: «Հարգելի արքեպիսկոպոս, ասացիք, թե «հայ ժողովրդի շրջանում տրավմա առաջացրած այս ցավը միջազգային քաղաքական դաշտում օգտագործելն իրականում դարձել է տխրելու և ցավելու աղբյուր»: Ճիշտ է, այս նամակը գրելու համար Ձեզ վրա արված ճնշումը մեզ համար տխրելու և ցավելու աղբյուր է: Թուրքիայի հայկական համայնքը վիրավորվել է ոչ թե այս բանաձևի ընդունումից (Գերմանիայի Բունդեսթագի բանաձևը­խմբ.), ինչպես նշել եք Դուք, այլ` Ձեր այս տողերից»,­ նշել է «Ակոս»­ի խմբագրակազմը` ընդգծելով, որ Էրդողանին ուղղված նամակում արված գրառումն այն մասին, թե «հայ ժողովուրդը օգտագործվում է իմպերիալիստական ուժերի կողմից», ընկալվում է, որպես ժխտողականության դրսևորում: «Մոտ ապագայում կտեսնենք, թե ինչպես են ոմանք ծափողջույններով ընդունում ձեր այդ ձևակերպումը»,­ ասվում է «Ակոս»­ի բաց նամակում: Թարգմանությունը` Արմենպրեսի