Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետք է լավ հասկանալ՝ ինչ բան է զենքը. Ռադիկ Մարտիրոսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Radik-Martirosyan-nkar

Շատ գիտնականներ նշում են, թե գիտության ոլորտի ֆինանսավորումը քիչ է։ Ի՞նչ կարծիքի է այս մասին ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։ «Իհարկե, մեր պետությունը, ցավոք, դեռ չի կարողանում գիտության մինիմալ ծախսերն ապահովել այն մակարդակով, որ անհրաժեշտ է գիտության զարգացման համար։ Պետք է հնարավոր միջոցներ գտնել, միայն էնտուզիազմով, լավ մտքերով առաջ չեն գնա։ Դրա համար պետք են ներդրումներ»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա։ Իշխանությունը չի՞ գիտակցում գիտության կարևորությունը. «Վերցրեք տունը, որն ունի որոշակի բյուջե։ Տղաները, աղջիկները, ամեն մեկը մի լավ բան է ցանկանում ունենալ։ Բայց տան տերը, որը հիմնական միջոցների տնօրինողն է, չի կարողանում բոլորին հավասար տալ։ Նույնն այստեղ է. գիտությունն էլ է առաջնային, բայց շատ ավելի կարևոր ազգային պրոբլեմներ ունենք, որոնք պահանջում են մեծ ներդրումներ։ Մեր երկրի պաշտպանությունն է առաջին հերթին։ Դա վերաբերում է և տեխնիկային, և զենքին, և նյութերին, և մարդկային ռեսուրսներին»։ Դիտարկմանը, թե քննադատություններ շատ հնչեցին, երբ ԳԱԱ նախագահն ասել էր՝ ամեն քոսոտ երկիր չի կարող զենք արտադրել, նա արձագանքեց. «Դրա մասին խնդրում եմ չխոսել»։ Ամեն դեպքում մենք կարո՞ղ ենք զենք արտադրել հիմա, պարոն Մարտիրոսյանը նշեց. «Պետք է լավ հասկանալ՝ ի՞նչ բան է զենքը, և ինչպե՞ս են արտադրում։ Եթե դա չենք իմանում, խոսել զենքի մասին անիմաստ է։ Ամեն զենք պարունակում է հազար ու մի բաղադրիչ մասեր. քիմիական, ֆիզիկական, մեխանիկական։ Ամեն բնագավառում պիտի լինեն մասնագետներ, հետազոտությունների մակարդակ։ Ինչ-որ բաներ մենք նախկինում էլ ենք գնել, բայց դա չի նշանակել, թե մենք հրանոթ էլ ենք պատրաստել, գնացել, թշնամուն ոչնչացրել»։ Ճշտմանը՝ ձեզ սխա՞լ են հասկացել, ԳԱԱ նախագահն ասաց. «Իհարկե։ Գիտությունը եթե կա, նոր գաղափար էլ կա։ Գաղափարը կարելի է օգտագործել։ Թե ինչ չափով, դա էլ կախված է այն խնդիրներից, որ թվարկեցի»։