«Ձեր երգերն ինձ համար աղոթքի նման են» (տեսանյութ)

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ուկրաինական Okean Elzy ռոք խմբի համերգը: Համերգը, թեեւ սկսվեց մեկ ժամ ուշացումով, սակայն տեւեց մինչեւ կեսգիշերին մոտ՝ ժամը 23:00-ն: Այս ընթացքում ռոք խումբը հայ հանդիսատեսի բացականչություններից հետո, ստիպված եղավ մի քանի անգամ վերադառնալ բեմ ու կրկին երգել:

Համերգային ծրագիրը հիմնականում կազմված էր խմբի նոր երգերից, թեեւ վերջում, երբ հանդիսատեսի համառ պահանջների ներքո երաժիշտները կրկին բեմ էին բարձրանում, երգեցին նաեւ արդեն սիրված, հին երգերից:

Մարզահամերգային համալիր մուտքը խստացված էր: Խիստ վերահսկողություն էր նաեւ դահլիճի մուտքերի մոտ: Համերգը տեղի ունեցավ մեծ համերգասրահում:

DSC03222

DSC03223

Հանդիսատեսը խմբի մենակատար Սվյատոսլավ Վակարչուկին նվիրեց ՀՀ եւ Ուկրաինայի դրոշները, որոնք մենակատարը համբուրեց, դրեց սրտին: Նա նաեւ մի հուզիչ պատմություն պատմեց հայ ընտանիքի մասին, որն ապրում է Փարիզում: Ընտանիքի  փոքրիկ աղջնակը ծանր հիվանդ է, բժիշկները նրա կյանքի համար որեւէ երաշխիք չեն տվել, եւ փոքրիկ աղջկա համար միակ մխիթարությունը Okean Elzy խմբի երգերն են: «Մեր համերգների ժամանակ Ֆրանսիայում մենք չկարողացանք հանդիպել փոքրիկին, սակայն նրա մայրն այսօր եկել է Հայաստան: Մենք հեռախոսով շփվեցինք նաեւ աղջկա հետ, նա միայն հայերեն ու ֆրանսերեն է խոսում»,- բեմից պատմեց Սվյատոսլավ Վակարչուկը:

DSC03233

DSC03237

Նա ցույց տվեց խոսափողին կապած շարֆը, որը ամբողջ համերգի ժամանակ կապված մնաց խոսափողին: Պարզվեց՝ այն նվիրել էր այդ աղջնակը: «Շարֆի վրա անգլերենով գրված է՝ ձեր երգերն ինձ համար աղոթքի նման են: Ես նրան ասացի, որ ամեն ինչ լավ է լինելու, նա ապաքինվելու է: Եկեք, հիմա մեր մեջ եղած ամենալավն ուղղենք նրան»,- ասաց նա՝ իրենց հուզիչ երգերից մեկը նվիրելով փոքրիկ աղջկան:

Իսկ մի խումբ պատանիներ մատիտով նկարել էին Okean Elzy խմբի երաժիշտներին ու ամեն կերպ փորձում էին այն փոխանցել նրանց: Դա նկատեց համերգասրահի անվտանգության աշխատակիցներից մեկն ու սեփական նախաձեռնությամբ վերցրեց նկարը պատանիներից, սպասեց մինչեւ երգն ավարտվի ու այն հանձնեց երաժիշտներին: Նկարը դուր եկավ Սվյատոսլավ Վակարչուկին. «Շատ շնորհակալ եմ, շատ նման ենք»:

DSC03242

DSC03243

Բացի այդ, խմբի մենակատարը, ոգեշնչելու համար հանդիսատեսին, վերցրեց նրանցից մեկի բջջային հեռախոսն ու մինչեւ տվյալ երգի ավարտը ինքնանկար արեց, տեսանկարահանեց ինքն իրեն, ապա՝ հեռախոսը փոխանցեց հասցեատիրոջը: Ավելի ուշ պարզվեց՝ հեռախոսը երգչուհի Սոնա Ռուբենյանինն էր:

Բեմի վրա խմբի մենակատար Սվյատոսլավ Վակարչուկն աչքի ընկավ իր ինքնատիպ, անկաշկանդ պահվածքով՝ նա մեկ իջնում էր բեմից, անմիջական շփում ունենում հանդիսատեսի հետ, մեկ՝ բարձրանում բարձրախոսների վրա՝ առանց վերնաշապիկի:

Համերգից հետո Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից մարդկանց հոսքը մոտ մեկ ժամ չէր դադարում: