Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր հարթակ՝ պաշտոնյաների ավիատոմսերի համար (տեսանյութ)

Քաղաքականություն
a2fc8a042a9fec24663cb6830c241455

Գործադիրն այսօր  փոփոխություն կատարեց ավիատոմսերի գնման նոր համակարգի փորձարկման և գնումների գործընթացի կազմակերպման մասին  օրենքում: Ըստ այդմ՝ կներդրվի տոմսերի ամրագրման  նոր համակարգի պիլոտային ծրագիր: Նախագիծը ներկայացնում էր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե նախագիծը քննարկվե՞լ է նախարարություններում, դժգոհություններ եղե՞լ են, թե՝ ոչ: «Նախարարությունների կողմից եղել է առարկություն՝ մեղմել պայմանները, որպեսզի տրանզիտ թռիչքների դեպքում ոչ թե վեց ժամ սպասեն, այլ չորս»,- պատասխանեց Հարությունյանը:  Որոշվեց այս կետն ընդունել ու փոփոխել: Նախագծի վերաբերյալ կարծիք հայտնեց նաև Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Նա նախ հետարքրքվեց, թե որ ընկերությունն է սպասարկելու ներդրվող համակարգը: Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ հայտարարված մրցույթում շահել է միջազգային «Ամադեուս» ընկերությունը: Վիգեն Սարգսյանը  մտահոգություն հայտնեց, որ մեկ ընկերությունից տոմսեր գնելը կարող է նոր խնդիրներ առաջացնել. «Ամադեուսը  դրված է խելացի կառավարման մոդելի վրա: Եթե միայն իրենցից եք տոմս գնելու, իրենք մենաշնորհային դիրք են զբաղեցնելու և թանկ տոմսեր առաջարկելու, որը դուք չեք նկատում: Այնպես չլինի, որ մենք ընկնենք մի իրավիճակում, որ ունքն ուղղելու տեղը աչքը վնասենք»,- ասաց Սարգսյանը: Դավիթ Հարությունյանը  վստահեցրեց, որ նման բան չի լինի, քանի որ նրա խոսքով տոմսը չի գնվելու այդ  ընկերությունից, նրանք ընդամենը ամրագրելու են տոմսերը. «Ամադեուսը ամրագրման համակարգ է, նա կապ ապահովող է, համակարգը բացարձակ էլեկտրոնային է, այն մեծ կիրառում ունի նաեւ եվրոպական երկրներում»,- հավաստիացրեց Դավիթ Հարությունյանը: Նոր հարթակը, ըստ հիմնավորումների, լինելու է պետական պաշտոնյաների համար ավիատոմսերի ձեռքբերման «միակ թույլատրելի աղբյուր»: