Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինվորին Գերմանիա տեղափոխելու համար սպասում են Ս. Օհանյանին

Կարևոր լուրեր Հասարակություն
Zinvor-nkar

Ապրիլյան պատերազմում ծանր վիրավորում ստացած 19-ամյա Ռուբեն Առաքելյանին ամենայն հավանականությամբ շուտով կտեղափոխեն Գերմանիա՝ հետագա բուժումն այնտեղ շարունակելու համար։ Նա այս ընթացքում գտնվում էր Էրեբունի բժշկական կենտրոնում, որտեղ մի քանի վիրահատություն է կատարվել։ Արտերկրում բուժման համար անհրաժեշտ է 90.000 եվրո գումար։ «Հիմա 43.000 եվրոն է պակասում, մնացածը կա հաշվեհամարին։ Դա էլ խոստացել է փոխանցել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Մենք շատ շնորհակալ ենք պարոն Օհանյանին, Ռուզաննա Խաչատրյանին և Առողջապահության նախարարությանը։  Ուզում եմ հատուկ նշել նաև Ջրվեժի գյուղապետ Ռոբերտ Պետրոսյանի մասին, ով թե ֆինանսապես, թե հոգեպես առաջին օրվանից եղել է իր համագյուղացի Ռուբենի ընտանիքի կողքին»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ռուբենի ազգականը՝ Նարինե Թումանյանը։ Այժմ զինվորի ինքնազգացողությունը լավ է. «Միայն նեղվում է իր ընդհանուր վիճակից։ Հիմա մի ձեռքը շարժում է, մյուսը դեռ ոչ, ոտքերն էլ դեռ անշարժ են։ Բայց օրական երկու անգամ տանում ենք իրեն դուրս՝ զբոսանքի»,-ասաց ազգականը։ «Առողջապահության նախարարությունն այս պահին անհրաժեշտ թղթերն է պատրաստում։ Արդեն ուղեկցող բժշկի հարցն էլ լուծված է։ Մնում է պարոն Օհանյանի խոստացած գումարը փոխանցվի։ Հենց գումարը լինի հաշվեհամարին, Առողջապահության նախարարությունը նաև վիզայի ու մնացած հարցերը կլուծի»,-մեզ հետ զրույցում նշեց Հանրային խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը։