Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քառօրյա պատերազմն իր հետքը թողեց փոքրիկների հիշողության մեջ»

Պաշտոնական
266dafc7ab6b13105532dcbab9fa5d45

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ երեխաներ, Թանկագի՛ն ծնողներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Երեխաները մեր հարստությունն են, մեր ուրախությունն ու մեր ապագան: Նրանց աշխարհ գալու պահից ամբողջովին փոխվում է մեր կյանքը, ստանում նոր իմաստ ու խորհուրդ: Եվ այդ պահից էլ մենք պատասխանատու ենք նրանց առողջության, կրթության ու դաստիարակության համար: Արցախի իշխանություններն անում են հնարավորը, որպեսզի մեր երեխաները ապրեն խաղաղ, ապահով ու  բարեկեցիկ երկրում, լինեն առողջ, երջանիկ, ուրախ ու անհոգ: Այդ նպատակին են ուղղված այն բազմապիսի ծրագրերը, որ իրականացվում են ամեն տարի մեր հանրապետությունում: Ցավոք, ապրիլյան քառօրյա պատերազմն իր անջնջելի հետքը թողեց նաեւ Արցախի փոքրիկ բնակիչների հիշողության մեջ: Յուրաքանչյուրիս պարտքն է անել մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի մեր երեխաների շուրթերին լինեն միայն ծիծաղ ու ժպիտ, երգ ու խնդություն, նրանց կյանքը լցված լինի ամենավառ գույներով ու երանգներով: Թանկագի՛ն փոքրիկներ, Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ այս հրաշալի տոնի կապակցությամբ եւ մաղթում կապույտ ու անամպ երկինք,   կանաչ ու հարթ ճանապարհ եւ մեծագույն հաջողություններ ձեր ամբողջ կյանքի ընթացքում»:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ