Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թբիլիսահայերն արտագաղթում են, սակայն ոչ՝ Հայաստան (տեսանյութ)

Հասարակություն
tbilisi1

Հայաստանից եկած հայ տեսնելիս թբիլիսահայերն ուրախանում են, շփոթվում ու առանց հարցերի սպասելու՝ պատմում, թե իրենց առօրյայից, թե հարցնում Հայաստանի մասին: «Թիֆլիսեցի հայերը շատ ջիգյարով հայեր են. նոր երեւանցի հայերի տեսա, օրհնեցի, օրհնեցի: Կներեք, եթե ես լավ հայերեն չխոսալ՝ գրական լեզվով, դա լավ չէ, քանի որ հայերեն գիտեմ, մեր հայերենի համար ուշքս գնում է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց թբիլիսահայ Կարինե Խաչատուրովան: Տիկին Կարինեն սրտնեղում է, որ իր ազգանվան «յան»-ը ժամանակին ծնողները փոխել են: Իրեն նա համարում է հայրենասեր, հպարտանում է, որ Ռուսթավելի փողոցում գտնվող օպերային թատրոնի շենքի նախագծողն իր քեռին է եղել. «Մենք՝ հայերս, ծնվել ենք Թբիլիսիում, սակայն սրտով, կյանքով բոլորս Երեւան ենք, սաղ օրը Երեւանի մասին ենք մտածում, խոսում: Այն հայերը, որոնք իրենց երկրում չեն ապրում, նրանք երկու անգամ ուժեղ են տխրում: Գիտեք՝ ինչի, քանի որ իրենք սաղ օրը տխրում են իրենց հայրենիքի մասին»: tbilisi Նա ձգտում է գալ Երեւան՝ ապրելու, սակայն նրան ու մորը հետ են պահում բնակարանների բարձր գները: Թբիլիսիից եւս, տեղաբնակների հավաստիացմամբ, հայերն արտագաղթում են դեպը ՌԴ, Եվրոպա: Եթե առաջ կարողանում էին ուղղակի փողոցում հանդիպել, զրուցել, ապա այսօր թիֆլիսահայերին մեկ տեղում հնարավոր է տեսնել միայն տոնական միջոցառումների ժամանակ: tbilisi2 «Մնացած օրերին ժողովուրդը զբաղված են իրենց կարիքներով: Ցավոք սրտի, ուշացած եղավ ամեն ինչը՝ թատրոններ, կոնցերտներ, որ ժողովուրդս հավաքվենք, չկորցնենք իրար. մեր հայ ազգը կորցնում է իր լեզուն, հավատը, ամեն ինչ»,- սրտնեղում է 67—ամյա Արտուշ Մելիքյանը, որը ծնվել, ապրում է Թբիլիսիում, սակայն երբեմն գալիս է Հայաստան՝ եւ բարեկամությանը տեսնելու, եւ աշխատելու: Արտուշ Մելիքյանը ծնվել, ապրում է Թբիլիսիում, սակայն նրա որդին ծառայել է ՀՀ բանակում: Նրա միակ մտահոգությունն իր թոռների հայապահպանությունն է. «Իմ թոռները սովորում են վրացերեն լեզվով, երբ մենք հայ ենք, մեր քաղցր հայկական լեզուն կորցնում ենք, սա ինչ է նշանակում: Հայերեն սովորեցնում ենք իրենց՝ գլխին տալիս ենք, ասում ենք՝ սովորի քաղցր խոսքը՝ մամա ջան, պապա ջան, ցավդ տանեմ, սոված եմ, երբ պիտի փող բերես»: tbilisi3 Թբիլիսիի հայերից շատերը խուսափեցին տեսախցիկի առաջ խոսել՝ նրանք կաշկանդվում էին կամ հայերեն իրենց վատ իմացությունից, կամ ուղղակի հուզվում էին Հայաստանի մասին լսելիս: