Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերացնել վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը. փաստաբան (տեսանյութ)

Հասարակություն
53866

Նախորդ տարվա ընթացքում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել 153, իսկ այս տարվա մինչեւ մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ 34 դատապարտյալներ:  Այս տվյալները մտահոգում են իրավապաշտպաններին։ Ըստ նրանց ՝ վաղաժամկետ ազատ արձակման իրավունք ունեցող անձանց միայն 4-5 տոկոսն է  ազատ  արձակվում: «Չկան հստակ մեխանիզմեր, որ այս, այս պայմանների դեպքում ինքը պետք է ունենա շանսեր ազատ արձակվելու վերաբերյալ»,- «Ա1+»-ին ասաց փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը: Փաստաբանը   հիմնական խնդիրը  տեսնում է Վաղաժամկետ պայմանական ազատ արձակման անկախ հանձնաժողովի մեջ: «Երկու հոգի գալիս են 5 րոպե կարող են անձի հետ զրուցեն կամ չզրուցեն, անձնական գործը կնայեն, թե՝ ոչ, կգնան խմբով որոշում կայացնեն՝ մերժել: Այդպիսի խնդիրը նման ձեւով չի լուծվում, սա լուրջ խնդիր է: Պետք է հասկանալ, որ անձին ազատությունից զրկելու խնդիր է դրված, ամենաֆունդամենտալ իրավունքի հետ այդպես վարվել չի կարելի»: Եթե վաղաժամկետ ազատ արձակման գործառույթը չի իրականացվում, ապա Ռոբերտ Ռեւազյանն  ավելի նպատակահարմար է գտնում վերացնել վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը: «Եկեք ավելի լավ է ասենք չկա վաղաժամկետ ազատ արձակում, դատապարտյալներն էլ իմանան, որ չկա, իզուր ամեն անգամ այդ ապրումները չտանեն»: Փաստաբան  Արա Ղարագյոզյանի մոտ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ բազմաթիվ գործեր կան, որոնցից մեկն էլ «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող Լեւոն Մխիթարյանի գործն է: «Անձն ունի դրական բնութագիր եւ հանցագործությունը կատարել է, քանի որ  երեխան հիվանդ է եղել՝ դեղորայք ձեռք բերելու համար: Իհարկե դա չի քաջալերվում, գողոնը հետ է վերադարձվել, քաղաքացիական հայց չկա, տուժողը չի բողոքում:  Մեկ ու կես իր պատիժը կրում է, մնացել է մեկ տարի»,- ասաց փաստաբանը: Չպատճառաբանված որոշումը պաշտպանը բողոքարկել է  Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության  դատարանում: Գործը դեռ ընթացքի մեջ է։