Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանում ձերբակալվել են Ալիևի արձանը պղծած երիտասարդները

Քաղաքականություն
Untitled-14

Ադրբեջան. կեցցե՛ ստրուկների տոնը Թմրանյութերի հետ կապված մեղադրանքների պատրվակով ձերբակալվել են նախկին նախագահ Հեյդար Ալիեւի արձանը պղծած երիտասարդները: Հեղինակ՝ Սամիրա Ահմեդբեյլի Փորձագետների խոսքով՝ Հեյդար Ալիեւի արձանը պղծած երկու ակտիվիստների ձերբակալությունը եւ դաժան վարմունքը նրանց հետ առաջին պլան են մղում հետզհետե ավելի ու ավելի ավտորիտար դարձող Ադրբեջանում աճող անձի պաշտամունքը: Բայրամ Մամեդովը եւ Գիասադին Իբրահիմը՝ NIDA ժողովրդավարական երիտասարդական շարժման անդամները, ձերբակալվել են Բաքվում, մայիսի 10-ին թմրանյութ պահելու մեղադրանքով: Ձերբակալությունից մի քանի ժամ առաջ, երկու երիտասարդները անգլերեն եւ ադրբեջաներեն գրություններ էին թողել արձանի պատվանդանին՝ «Կեցցե՛ ստրուկների տոնը» եւ «Կորչի համակարգը»: Պայմանականորեն այսպես թարգմանված եւ հայհոյանք պարունակող գրառումների լուսանկարներն այնուհետեւ հայտնվել էին սոցիալական ցանցերում: 2004 թվականից սկսած, ամեն տարի՝ մայիսի 10-ին, Ադրբեջանի նախկին նախագահ, գործող նախագահի հայր Հեյդար Ալիեւի ծննդյան օրը նշվում է որպես «Ծաղիկների տոն»: Սակայն Ալիեւի հուշարձանի պատվանդանին արված «Կեցցե ստրուկների տոնը» գրությունը ոչ միայն ակնարկ է այդ տոնին, այլեւ բառախաղ. ադրբեջաներենում ծաղիկ եւ ստրուկ բառերը գրեթե նույն կերպ են գրվում եւ արտաբերվում: Ակտիվիստների հեղինակությանն ակնհայտ վնաս հասցնելու նպատակով քրեական հետապնդումները սովորական երեւույթ են Ադրբեջանում: Ֆինանսական զանցանքները, օրինակ, հաճախ են որպես պատրվակ օգտագործվում նման դեպքերում: Ձերբակալությունից հետո, Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հաղորդեց, որ երիտասարդների բնակարանների խուզարկության ժամանակ 2 կիլոգրամ հերոին է հայտնաբերվել։ Ապրիլի 12-ին Բաքվի դատարանը չորս ամսվա կալանք սահմանեց երիտասարդների նկատմամբ, սակայն որոշումը բողոքարկվեց նրանց փաստաբան Էլչին Սադիգովի կողմից: Դատարանը մերժեց բողոքարկման դիմումը մայիսի 20-ին, որից հետո Մամեդովը հացադուլ հայտարարեց: azerbaijan-heydar_aliyev_statue-shahin_rzayev Թմրանյութ պահելու համար առաջադրված մեղադրանքներով երիտասարդներին 12 տարվա ազատազրկում է սպառնում։ «Ադրբեջանի իշխանությունները ստեղծել են անձի ազգային պաշտամունք եւ պատժում են բոլոր նրանց, ովքեր դիպչում են նրան», - ասում է NIDA շարժման ղեկավար անդամ Ուլվի Հասանլին IWPR- ին՝ հավելելով, որ Ադրբեջանում տիրող քաղաքական իրավիճակը «հնարավորություն չի տալիս մարդկանց իրենց բողոքն արտահայտել ավանդական եղանակներով: Հետեւաբար, անհրաժեշտ է դիմել բողոքի արտահայտման նման ոչ սովորական մեթոդներին»: Հասանլիի խոսքով՝ երիտասարդների տարածած լուսանկարները սոցիալական ցանցերում հարյուր հազարավոր դիտումներ են ունեցել, իսկ տասնյակ հազարավոր օգտատերեր նույնպես տարածել են դրանք: «Ահա թե ինչու ռեժիմն այսպես ագրեսիվ ու հիստերիկ ձեւով արձագանքեց», - ասում է նա: Փաստաբան Ֆարիզ Նամազլին նշում է, որ ակտիվիստներին թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանք էր առաջադրվել, քանի որ հուշարձան պղծելն Ադրբեջանում քրեորեն պատժելի արարք չի համարվում: «Հեյդար Ալիեւի արձանը մշակութային ժառանգություն չի համարվում: Սա սովորական հուշարձան է, որը մեծ նշանակություն չի ներկայացնում երկրի բնակչության համար, - ասաց նա IWPR-ին՝ հավելելով, որ հուշարձանն այնպես չի վնասվել, որ վերանորոգման կարիք ունենա, - Ներկը պարզապես մաքրեցին, եւ այսքանով ամեն ինչ ավարտվեց: Այստեղ առավելագույնը կարելի է խոսել վարչական զանցանքի մասին»: Միաժամանակ, ակտիվիստների փաստաբան Սադիգովը Ֆեյսբուքի իր էջում տեղադրեց Մամեդովի հայտարարությունը, որտեղ նկարագրվում է, թե ինչ դաժան վարմունքի է նա ենթարկվել: «Քաղաքացիական հագուստով երեք անձինք ինձ բռնի ուժով մեքենա նստեցրին՝ սպիտակ ջիպ, եւ տարան ոստիկանության 12-րդ բաժանմունք: Այնուհետեւ ինձ տարան բաժանմունքի պետի սենյակ, որտեղ քաղաքացիական հագուստով եւս ութ տղամարդ կար: Նրանք սկսեցին ինձ ծեծել՝ բռունցքներով եւ ոտքերով հարվածներ հասցրեցին: Ինձ հարցնում էին, թե ինչ նպատակով էի լուսանկարել արձանը», - գրել էր Մամեդովը: Մամեդովին շարունակել էին ծեծել ոստիկանության բաժանմունքում, որից հետո նրան եւ Իբրահիմին այլ վայր էին տեղափոխել, որտեղ նրանց խոշտամգումների էին ենթարկել: Մամեդովն ընդգծել էր, որ իր ձեռքերն ու ոտքերը շղթայված են եղել, երբ նրան դաժան ծեծի էին ենթարկում: Ոստիկանության աշխատակիցները սպառնացել էին բռնաբարել նրան ռետինե մահակներով եւ պահանջել էին, որպեսզի երիտասարդներն ընդունեն թմրանյութերի ապօրինի շրջանառության վերաբերյալ իրենց առաջադրված մեղադրանքը: Մամեդովը գլխին ստացած հարվածներից կորցրել էր գիտակցությունը եւ ուշքի եկել միայն այն ժամանակ, երբ դեմքին ջուր էին ցանել: «Այնուհետեւ ինձ մի գեներալի մոտ տարան եւ ասացին, որ եթե հուշարձանին ծաղիկներ դնեմ, հարցազրույց տամ [պետական] «AzTV» հեռուսատաընկերությանը եւ ներողություն խնդրեմ, ինձ բաց կթողնեն: Երբ հրաժարվեցի, ինձ տարան ու նորից ծեծի ենթարկեցին», - գրում է Մամեդովը: Ադրբեջանի լրատվական ցանցի հաղորդմամբ՝ ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Էհսան Զահիդովը հերքել է Մամեդովի այս մեղադրանքները: Այնուամենայնիվ, ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ եւ նախկին քաղբանտարկյալ Յադիգար Սադիգովը նշում է, որ թմրանյութեր պահելու մեղադրանքներով իշխանությունները փորձում են վրեժխնդիր լինել: «Անձի պաշտամունքի խնդիրն ակնհայտ է այստեղ: Չնայած իշխանության օղակներում տեղի ունեցած որոշ փոփոխություններին՝ Հեյդար Ալիեւի թիմը, որը լայնորեն տարածել է անձի պաշտամունքը երկրում, պահպանվում է: Ռեժիմի բնույթը չի փոխվում», - ասում է նա IWPR-ին: ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՃՆՇՈՒՄՆԵՐԸ Կարծիքներ կան, որ իշխանությունների արձագանքը հուշարձանի պղծման փաստին ավելի ագրեսիվ էր, քան կարող էր լինել Խորհրդային տարիներին: Բաքվի 44-ամյա բնակիչ Սուլթան Գասիմովը հիշում է, թե ինչպես էր իր համադասարանցին պղծել Լենինի կիսանդրին, ինչի հետեւանքով նրան հեռացրել էին Կոմմունիստական կուսակցության երիտասարդական թեւից: Պատանուն նաեւ նկատողություն էին արել, իսկ նրա ծնողները ստիպված էին եղել նոր արձանի գումարը վճարել: «Ահա եւ ամբողջ պատիժը: Բայց հիմա իրադրությունը շատ ավելի բարդ է, որովհետեւ գործող նախագահի հոր անձը պաշտամունքի առարկայի է վերածվել: Այս պաշտամունքի դեմ կատարվող ցանկացած քայլ ընկալվում է որպես անձնական վիրավորանք եւ խստորեն պատժվում է», - ասում է Գասիմովը: Հեյդար Ալիեւի կերպարն ամենուր է Ադրբեջանում, եւ ամենամյա Ծաղիկների տոնն անցկացնելիս իշխանությունները գումար չեն խնայում: Քաղաքներն առատորեն զարդարվում են ծաղիկներով, իսկ հրապարակներում համերգներ են կազմակերպվում: «Ամեն տարի անցկացնում են այդ անհասկանալի Ծաղիկների կամ «Ստրուկների» տոնը վաղուց մահացած նախագահի ծննդյան օրը: Հսկայական գումարներ են ծախսվում, երբ բնակչության մեծամասնությունն աղքատության մեջ է ապրում», - դժգոհում է բաքվեցի Իսա Յուսիֆովը: Թե որքան գումար է իսկապես ծախսվում Ծաղիկների տոնին, պարզ չէ, սակայն պաշտոնական հայտարարություններից ելնելով, կարելի է ընդհանուր պատկերացում կազմել այդ մասին: 2007 թվականին Բաքվի քաղաքապետարանի հայտարարության համաձայն՝ Ծաղիկների տոնին 15 միլիոն դոլար էր ծախսվել: 2009 թվականին «Նոր Ադրբեջան» կուսակցության նախկին պատգամավոր Գյուլար Ահամդովան նույնպես նշեց, որ նախկին նախագահի ծննդյան օրն անցկացվող միջոցառումների արժեքը կազմել էր 14-15 միլիոն դոլար: Բաքվի քաղաքապետարանի համաձայն՝ 2013 թվականին միայն մայրաքաղաքում անցկացվող միջոցառումների համար 150 տոննա, իսկ 2014-ին՝ 116 տոննա ծաղիկ էր ներկրվել: Այս տարի, սակայն, Ծաղիկների տոնին միջոցառումներ չանցկացվեցին՝ ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած քառօրյա պատերազմի պատճառով: Մայիսի տասին լրանում էր պատերազմի ժամանակ սպանված տասնյակ զինվորների եւ քաղաքացիական բնակչության զոհերի մահվան 40-րդ օրը, որը նշվում է մահմեդական ավանդույթներով: Յուսիֆովի խոսքով՝ իշխանությունները վախեցան, որ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված բողոքի ցույցեր կանցկացվեն, այդ պատճառով էլ որոշեցին հրաժարվել այս տարի Ծաղիկների տոնից: «Այս տղաներն իրենց բողոքն արտահայտեցին՝ արձանի վրա մակագրություն թողնելով: Եթե բնակչության շրջանում անանուն հարցում անցկացվի, ապա չի գտնվի որեւէ մեկը, որ համաձայն չէ նրանց հետ: Բայց ոչ բոլորն են այս տղաների նման քաջ», - ասում է Յուսիֆովը: Մինչ այդ, «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է երիտասարդների ձերբակալության փաստը՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին անաչառ հետաքննություն անցկացնել հնչող մեղադրանքների եւ ձերբակալվածների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ: Միջազգային հասարակական կազմակերպությունների «Սպորտը հանուն իրավունքների» կոալիցիան իր հերթին կոչ է արել ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին հունիսի 17-19 Բաքվում Ֆորմուլա 1-ի եվրոպական գավաթի առաջնության անցկացման նախօրեին: «Ֆորմուլա 1-ի ղեկավարությունը կարեւոր հնարավորություն ունի Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ ճնշում գործադրելու համար, որպեսզի վերջինս հստակ քայլեր ձեռնարկի Բաքվում անցկացվելիք միջոցառման նախօրեին մարդու իրավունքների պաշտպանության միջավայրը երկրում բարելավելու համար», - ասել է «Human Rights Watch»-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջեյն Բյուքենենը: Այս տարվա մարտին Ադրբեջանում տասնյակից ավելի քաղբանտարկյալներ ազատ արձակվեցին նախագահ Ալիեւի՝ ԱՄՆ այցից առաջ: «Քսանչորս քաղաքական եւ կրոնական բանտարկյալների ազատ արձակելուց հետո, Ադրբեջանի իշխանությունները, կարծես, ձգտում են դատարկ բանտախցերը ազատության նոր ջատագովներով լցնել: Ադրբեջանի ռեպրեսիվ օրենքներից ոչ մեկը չի վերացվել: Ժողովրդավարական երկրները պետք է պահանջեն, որպեսզի Ադրբեջանը հարգի մարդու հիմնարար ազատությունները եւ թույլ տա քաղաքացիական հասարակությանն ազատ գործել», - հայտարարել է «Freedom House» կազմակերպության արտակարգ օգնության եւ բազմակողմանի պաշտպանության ծրագրերի գծով փոխնախագահ Ռոբերտ Հերմանը: Սամիրա Ահմեդբեյլին IWPR-ի խմբագիրն է Ադրբեջանում: Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Համաշխարհային ձայներ» #815 պարբերականից (24-ը մայիսի, 2016թ., Ադրբեջան): Նյութի անգլերեն տարբերակը՝  այստեղ: