Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՓՄՁ-ները վճարում են ավելի շատ, քան խոշոր գործարարները (տեսանյութ)

Տնտեսություն
Diana-nkar-Gevorg

«Մենաշնորհային դաշտը Հայաստանում ձևավորվում է հենց մաքսային սահմանից, ինչի արդյունքում տուժում է հատկապես փոքր բիզնեսը՝  չկարողանալով հավասար ընթացակարգերով ու հավասար պայմաններով իրականացնել ներմուծումը»,-համոզված է ՎԶԵԲ Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանը: Վերջինիս խոսքերով՝ ուսումնասիրության արդյունքները ևս փաստել են, որ այդ մենաշնորհները բնական ճանապարհով չեն ձևավորվել: «Փոքր բիզնեսը ստիպված է անցնել այդ բարդ, հսկիչ գների ընթացակարգով և վճարել ավելի շատ հարկեր և մաքսավճարներ, որպեսզի կարողանա իր ապրանքը ներմուծել, իսկ շատ դեպքերում` խուսափելու համար այդ բարդ  ընթացակարգերից, ստիպված են լինում դիմել այնպիսի ծառայությունների, ինչպիսիք Կարգո ներմուծումներն են, որոնք պատրաստ են ցածր արժեքի դիմաց որոշակի կիլոգրամներ ներմուծել, բայց արդեն իրենց անունով ներմուծել: Այստեղ էլ փոքր բիզնեսը ընկնում է խնդիրների այլ փուլ՝  հարկային դաշտում, որովհետև չի ունենում փաստաթուղթ, որևէ հիմք՝ ներկայացնելու համար իր արտադրանքը: Եվ այդպես շարունակ այդ շղթան շարունակվում է»,- շեշտեց Գևորգ Պողոսյանը: Սրանից զատ բանախոսն առանց կոնկրետ անուններ տալու՝  առանձնացրեց նաև մեկ այլ խնդիրը, որը կապված էր մի շարք ապարանքների անունների հետ, որոնք գործարարները չեն կարողանում ներմուծել, քանզի դրանք ներմուծվում են միայն այս կամ այն անձի կողմից: «Շատ ապրանքներ ներմուծվում են Հայաստան՝ այլ ապրանքների անվան տակ, ինչի հետևանքով ունենում ենք ոչ միայն խեղաթյուրված վիճակագրություն, այլև իրականում ինքնարժեքից շատ ավելի ցածր արժեքով ներմուծված ապրանքներ: Այսինքն՝ այդ ապրանքը խոշոր ներկրողի համար լինում է շատ ավելի ցածր գնով, քան սովորական գործարարը սովորական ընթացակարգերով ուզենա դա անցկացնել»,- ասաց նա: Գևորգ Պողոսյանը անդրադարձավ նաև սուպերմարկետների խնդիրին՝ ասելով, որ սխալ է այդ խոշոր խանութներին սուպերմարկետ անվանելը, քանի որ դրանք իրականում հիպերմարկետներ են: Պողոսյանը բացատրեց. «Սուպերմարկետները ևս կարող են  լինել  փոքր, կարող են լինել ՓՄՁ-ի դաշտում, բայց ինչը որ այսօր Երևանում կա, դրանք հիպերմարկետներ են, որոնք իրենց առկայությամբ իսկ խոչընդոտում են ՓՄՁ-ի աշխատանքին՝ տեղակայված լինելով բնակելի տարածքների կենտրոնական հատվածներում: Իրականում տարածքային քաղաքականությունն այնպես պետք է իրականացվի, որ նման հիպերմարկետները լինեն ոչ բնակելի տարածքներում՝ թողնելով աշխատել նաև կրպակներին, խանութներին և նաև սուպերմարկետներին»: