Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոչ Մինսկի խմբին` ներդնել ատելախոսության հետաքննության մեխանիզմ

Քաղաքականություն
FotorCreated-1

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան) Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ) Պիեռ Անդրիեին  (Ֆրանսիա) ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին   Մեծարգո պարոնայք   Ողջունելի է, որ ս.թ. մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի, ինչպես նաև ձեր հանդիպման ժամանակ ի թիվս այլոց պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման շուրջ: Վստահ եմ, որ  սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը  զգալիորեն կկրճատի հետագա բռնությունների ռիսկը: Ողջունելով նման սպասված որոշումը՝ միաժամանակ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մեկ այլ կարևոր հանգամանքի վրա։ Լրագրությունում և խաղաղարարությունում իմ տարիների փորձը ցույց է տալիս, որ հաճախ կրակոցներից շատ ավելի վտանգավոր է ատելության խոսքը։ Ավելին՝ տեղեկատվական դաժան պատերազմի պայմաններում հակամարտության խաղաղ կարգավորման մասին կարելի է խոսել մեծ վերապահումով։ Ուստի, կարծում եմ, ժամանակն է ղարաբաղյան կարգավորումն անմիջականորեն առնչել տեղեկատվական դաշտի հրադադարին։ Ըստ այդմ էլ կոչ եմ անում ձեզ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման շրջանակներում նախատեսել նաև հակամարտության կողմերի պատասխանատու լրատվամիջոցների մշտադիտարկում և ատելախոսության հետաքննության մեխանիզմների ներդրում։ Այս հարցում ձեզ կարող են աջակցել Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի համապատասխան փորձ ունեցող լրագրողական կազմակերպությունները։ Կարծում եմ, այսպիսի քայլը ոչ միայն կնպաստի հակամարտող երկրների հանրությունների միջև վստահության կամուրջների կառուցմանը, այլև հնարավորություն կտա երևան հանելու ատելախոսության և ազգամիջյան թշնամանքի հիմնական պատասխանատուներին և համապատասխան քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։ Հարգանքով՝   Գեղամ Բաղդասարյան Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ, «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր