Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ նախագահին

Պաշտոնական
Garegin_B

Մայիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանին: Հանդիպման ընթացքում ՀԲԸՄ նախագահը Նորին Սրբությանը ներկայացրեց օրեր առաջ Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) կատարած այցի արդյունքները և ազգային ու եկեղեցական կառույցներում հանդիպումների իր տպավորությունները` տեղեկացնելով նաև ՌԴ-ում ՀԲԸՄ մասնաճյուղ հաստատելու ծրագրի վերաբերյալ: Զրույցի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց Ադրբեջանի կողմից ապրիլին ԼՂՀ սահմանի ողջ երկայնքով սանձազերծված ռազմական գործողություններին և դրանց աղետալի հետևանքներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը մեծապես կարևորեցին Հայաստանում և Սփյուռքում ի զորակցություն Արցախի ու արցախահայության կազմակերպված հանգանակությունները, ցուցաբերված օգնությունը և հաստատեցին այս ուղղությամբ աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունը: Նորին Սրբությունն այս առիթով իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ՀԲԸՄ նախագահին և ՀԲԸՄ անդամներին Արցախում իրականացվող բազմաբնույթ ծրագրերի և դժվարին այս շրջանում դրսևորած զորակցության համար: Հանդիպմանը քննարկեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ՀԲԸՄ համատեղ կրթական, սոցիալական և եկեղեցաշինական ծրագրերը, խոսվեց նաև Միջին Արևելքի հայկական համայնքներում տիրող իրավիճակի, մասնավորաբար` սիրիահայության կացության մասին: