Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենաշնորհը հնարավոր է ամրագրվի օրենքով (տեսանյութ)

Քաղաքականություն
Arcvik-Minasyan-nkar

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը չի բացառում, որ Սամվել Ալեքսանյանին շաքարի բիզնեսում մենաշնորհային կարգավիճակը կամրագրվի օրենքով. «Ընդունենք՝ դու պետք է աշխատես ոչ թե 25-30 տոկոս, այլ առնվազն 90 տոկոս հզորությամբ, դու պետք է ապահովես նվազագույնը էսքան աշխատատեղ, դու պետք է ապահովես առնվազն էսքան պետական բյուջեի մուտքեր ըստ կանխատեսումների, դու պետք է ապահովես թափանցիկություն, դու պետք է օրինակ քո բաժնեմասի 20 տոկոսը շրջանառես բորսայում, որպեսզի լինես հրապարակային բաց թափանցիկ ընկերություն»: Նախարարն այլեւս մենաշնորհների դեմ չի պայքարելու, այլ ազատ մրցակցության համար: Եվ նա տհաճությամբ է լսում հարցը, որ Սերժ Սարգսյանն է հովանավորում Հայաստանում գործող մենաշնորհները. «Գոյություն ունի երկու քաղաքական ուժերի կնքված համաձայնագիր, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է ակտիվ հակամենաշնորհային նախաձեռնության քաղաքականության մասին»: Սակայն ոչ մի երաշխիք, որ նախարարի հակամենաշնորհային գործունեությունը չի հանդիպի Բաղրամյան 26-ի հակազդեցությանը: Պարոն Մինասյանն ասում է՝ ինքը հետաքննչական մարմին չէ, նախարարության կանոնադրությունը գուցե ապագայում թույլ տա եւ ինքը մտնի ավելի լուրջ պայքարի մեջ. «Հիմա երբ որ դուք ակնկալում եք, որ ես պետք է դատախազի ֆունկցիաներ իմ վրա վերցնեմ, էդպիսի ակնկալիք մի ունեցեք»: Նախարարը չի ուզում լինել սուրճի բաժակ նայող եւ ասել, թե հատկապես ովքեր են տուժելու մենաշնորհները կարգավորելու իր վճռականությունից. «Բոլոր նրանք, ովքեր կողմ չեն ազատ տնտեսական մրցակցությանը, բոլորն էլ ցավ են զգալու, ներառյալ ցանկացած անձ, ով իր համար նախընտրելի է ինկուբատորային պայմաններում գործունեություն ծավալելը եւ դա ամենեւին կապված չէ էսօրվա անունների հետ»: Օրենքները պետք է փոխվեն,-հռչակում է Արծվիկ Մինասյանը հակամենաշնորհային պայքարի մասին խոսելիս: Լրագրողները նկատեցին, որ ամեն ինչ ավելի պարզ է՝ հայտնի են, թե ովքեր են վայելում իշխանության հովանավորությունը մենաշնորհների տիրանալիս. «Եթե քո ասածով էդքան պարզ լիներ, հիմա գիտե՞ս ինչքան Նոբելյան մրցանակներ ստացած կլինեին մենաշնորհների դեմ պայքարի հարցում»: Ի դեպ, նախարարը խոստացել էր երեք շաբաթվա ընթացքում հրապարակել Հայաստանում մենաշնորհներ ունեցող հայտնի անձանց անունները: Այստեղ էլ ամեն ինչ հստակ չէ, նախարարը մի քիչ էլ է ժամանակ ուզում. «Ես չեմ ուզում հրապարակել մի փաստաթուղթ, որը լիարժեք տեղեկատվական ապահովվածություն չունի»: