Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ թե ՀՀ-ից գնան ՌԴ՝ մեքենա բերելու, այլ հակառակը. Վ. Այվազյանի առաջարկը (տեսանյութ)

Քաղաքականություն
avtonerkroxner

ԱԺ-ում այսօր 2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին հարց ուղղեց պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը՝ եւս անդրադառնալով երկաթգծի ներկա վիճակին. «Հնարավոր չէ՞ր էժան գներով վագոններ ձեռք բերել: Տալիս ենք երկաթգիծը  կոնսեսիոն կառավարման, սակայն շարունակում ենք բյուջեից վճարել: Ես ուզում եմ հասկանալ՝ արդարացվա՞ծ է այդ պայմանագրի իրողությունը, թե ոչ»: Արթուր Առաքելյանը նախ նկատեց, որ այսօր պետական ընկերություն պահելը մեր իրողության մեջ դժվար է. «Իսկ «Հարավկովկասյան» ընկերությունն այս ընթացքում ութ մլրդ դրամ վնաս է կրել՝ իրականացնելով միայն ուղեւորափոխադրումներ: Ընկերությունը 4 մլրդ դրամ հարկ է վճարել, եւ նա համարվում է խոշոր հարկատու մեր երկրում: Այս ընթացքում ինքը նաեւ իրեն նորմալ է պահել»: Խաչատուր  Քոքոբելյանին չբավարարեց այս պատասխանը. «Սա սովորական պոմիդորի բիզնես չէ, որ յաշիկը խփի, ոչինչ, սա ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածք է ու այստեղ անփութություն կա: Ես կարծում եմ, որ նման կառույց չպետք է տայինք կոնսեսիոն պայմանագրով կառավարման: Մենք թույլ չենք տա՝ մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների նկատմամբ նման վերաբերմունք: Այս հարցի մասին խոսելիս չի կարելի տեսական բնույթի կարծիքներ ասել»: Արթուր Առաքելյանը ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ ռազմավարական տեսանկյունից երկաթգիծն անխափան է աշխատում. «Շանթ» զորավարժությունների ժամանակ բազմաթիվ վարժություններ ենք արել ու բոլոր փորձություններն անցել են: Որեւէ մտահոգվելու կարիք չկա. այն անխափան աշխատում է: Եթե կոնսեսիոն կառավարման առումով որեւէ խնդիր առաջանա, այն անցնում է ՀՀ կառավարության տնօրինմանը»: ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն իր կողմից եւս նկատեց, որ ռազմավարական նշանակություն ունեցող բոլոր օբյեկտների դեպքում ՀՀ կառավարությունը վերահսկողություն է իրականացնում. «Մենք որոշակի, լուրջ տարաձայնություններ ունենք այս հարցերի շուրջ Տրանսպորտի եւ կապի նախարարության հետ: Ես առաջարկում եմ լսումներ այս ամենի մասին, քանի որ տեսնում եմ, որ չենք կարողանում ընդհանուր համաձայնության գալ: Ընկերության եկամուտները նվազում են, սակայն ներդրումները ավելանում են: Շատ ուժեղ տնտեսվարող է»: «Պարոն Այվազյան...»,- փորձեց տեսակետ հայտնել Արթուր Առաքելյանը: «Լավ, փակեցինք»,- ընդհատեց Վարդան Այվազյանը: Ի դեպ, Վարդան Այվազյանը բանավեճի մեջ մտավ նաեւ ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանի հետ: Նրանց տարաձայնությունների հիմնական պատճառն ավտոմեքենաների ներմուծումն էր. ԵՏՄ շրջանակներում եւ երրորդ երկրների դեպքում հարկումը այլ է: Վարդան Այվազյանն առաջարկում է, որ ոչ թե ՀՀ քաղաքացիները գնան ՌԴ-ից մեքենա բերեն, այլ հակառակը՝ ռուսները գան ՀՀ ու երրորդ երկրից ձեռք բերված մեքենան ձեռք բերեն: