Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«100 շունն ո՞ւր է, պարոն Տարոն Մարգարյան» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
nkar-shun

Կենդանասերները մի քանի անգամ դիմել են քաղաքապետարան՝ թափառող շների ստերջացման և կացարանով ապահովման հարցով։ «Խնդրել ենք հանդիպում քաղաքապետի կամ որևէ ղեկավարի հետ, ով կարգավորում է սույն հարցերը։ Ոչ մի քաղաքակիրթ երկրում կենդանիներին սպանդի չեն ենթարկում։ Մենք խնդրել էինք, որ տարածք հատկացնեին, որտեղ մենք անվճար, կամավորական հիմունքներով պահենք շներին։ Ես հասկանում եմ բնակիչների վրդովմունքը, ասում են՝ սոված շները հարձակվում են մեզ վրա։ Կացարանի դեպքում այդ կենդանիները փողոցներում չեն թափառի, դուք նրանց սպանդի չեք ենթարկի, ընդամենը կենդանիները կստերջացվեն, և մենք կապահովենք նրանց սննդով»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց կենդանասեր Արմինե Մանուկյանը։ Նրա դիմում-նամակին քաղաքապետարանից եկած պատասխանն ամենևին չի գոհացրել. «Ես չգիտեմ, թե ինչ տրամաբանությունից ելնելով՝ նրանք ինձ պատասխանել են, որ որպեսզի կառուցվի կացարան կենդանիների համար, պահանջվում է 1 մլրդ 95 մլն դրամ։ Ես ուզում եմ հասկանալ՝ 5 աստղանի հյուրանոցի կարգի՞ են ուզում լինի, լողավազանով և ամեն ինչով»։ Կենդանասերը պնդում է, որ կենդանիների մի մասին չեն էլ ստերջացնում. «Վերջերս Դինգո թիմի ներկայացուցիչները և մեր աղջիկները գտել են փողոցում այդ շնիկներին, որոնք իբրև թե ստերջացված էին, բայց ոչ մի ստերջացում չէր կատարվել։ Ավելին ասեմ՝ այդ կենդանիները վարակված են եղել հիվանդությամբ։ Շներին տանում են իրենց Արտամեդ կոչեցյալ կացարանը, որտեղ ոչ մի վերահսկողություն չկա»։ Արմինեն պատմեց նաև մեկ այլ դեպքի մասին. «Ապրիլին՝ Ցեղասպանության 101-րդ տարելիցի օրերին, նրանք բոլոր, այդ թվում՝ բակի շներին հավաքել, տարել են։ Զանգահարում են այդ աշխատակիցներին, ասում են՝ ո՞ւր են շները, նրանք ասում են՝  Արտամեդում են։ Շների տերերը գնում են այնտեղ, մի կերպ, վիճաբանությամբ մտնում են ներս, ասում են՝ մի հատ շուն չկար։ Հարց է ծագում՝ 2 օրում հավաքած մոտ 100 շունն ո՞ւր է, պարոն Տարոն Մարգարյան և պարոն Արման Եդոյան՝ առևտրի վարչության պետ։ Ո՞ւր են այդ շները, ի՞նչ եք արել այդ կենդանիների հետ։ Եթե դուք չեք հասկանում՝ ինչ եք անում, աթոռը զիջեք մյուսին, ով կհասկանա»։ Կենդանասերը վստահ է, որ մոտ 10 մլն դրամ գումարի դեպքում կացարանում կարելի է 100-200 շուն պահել։ «Նամակի պատասխանում քաղաքապետարանից գրել են. ընթացքում աճելու է շների թիվը։ Ես չգիտեմ՝ ստերջացված շունն ինչո՞վ պետք է բազմանա։ Հարցս ուղղում եմ գրողին՝ Արման Եդոյանին։ Կարելի է խելքին մոտ պատասխան գրել, բայց նմա՞ն պատասխան։ Սա արդեն աբսուրդի հասնող է»։