Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոսվել է քրիստոնեության հանդեպ հարձակումների մասին

Պաշտոնական
orl

  Մայիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Օրլովի նահանգապետ տիար Վադիմ Պոտոմսկուն և Ռուս Ուղղափառ Եկեղեցու վանական վարդապետ Իլիյ Նոզդրինին` ուղեկցությամբ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի բարերար Սամվել Մովսիսյանի: Ամենայն Հայոց Հայրապետն ուրախություն հայտնեց Հայ Եկեղեցու համար նվիրական տոնին` Ս. Էջմիածնի Կաթողիկեի ուխտի օրը, հյուրընկալելու Ռուսաստանից ժամանած պատվիրակությանը: Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ նման այցերը նպաստում են դարավոր բարեկամական սերտ ու գործակցային կապերի առավել զորացմանը: Վեհափառ Հայրապետը գնահատանքով հաստատեց նաև, որ ՌԴ իշխանությունների կողմից հայկական մեծագույն սփյուռքի նկատմամբ ցուցաբերվող հոգածու վերաբերմունքի շնորհիվ հայորդիները կարողանում են ազատորեն ապրել իրենց ազգային-հոգևոր կյանքով: Զրույցի ընթացքում Հայոց Հովվապետն անդրադարձ կատարեց երկու Եկեղեցիների միջև առկա եղբայրական կապերին, ինչպես նաև կրթական ոլորտում իրականացվող գործակցությանը: Վանական վարդապետ Իլիյն ուրախություն հայտնեց Հայաստան այցի առիթով` նշելով, որ շատ է ցանկացել գալ Հայաստան և հաղորդակից դառնալ նրա հոգևոր արժեքներին ու ժառանգությանը, որոնց միջոցով կենդանի է մնում քրիստոնեական հավատքը: Հայր Սուրբը խոսեց նաև հոգևոր կյանքի կարևորության և ներկա ժամանակներում քրիստոնեության հանդեպ տեղ գտնող հարձակումների մասին: Իր հերթին Օրլովի նահանգապետը հանդիպման առիթով շնորհակալություն հայտնեց` մասնավորապես անդրադառնալով հայ համայնքի հետ ձևավորված սերտ կապերին և համագործակցությանը: Վերջում Նորին Սրբությունն աղոթքով ու օրհնությամբ մաղթեց, որ բարեկամ երկու ժողովուրդների եղբայրական կապերը մշտապես զորանան, իսկ նրանց միջև առկա փոխգործակցությունը պսակվի նոր ձեռքբերումներով: Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը: Մայր Աթոռ