Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդյո՞ք «Ռեալը» կհաղթի «անիծված» մարզադաշտում

Սպորտ
marka

Այսօր Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը, որում միմյանց հետ կհանդիպեն Մադրիդի երկու ակումբները՝ «Ռեալը» եւ «Աթլետիկոն»: Երկու տարի առաջ թիմերն արդեն հանդիպել են նույն մրցափուլում: Այն ժամանակ «Ռեալը» լրացուցիչ ժամանակում պարզապես ջախջախել է իր սկզբունքային հակառակորդին՝ 4:1, ընդ որում հաշիվը հավասարացրել էր խաղի վերջին րոպեին: Այդ օրվանից հետո անհաշտ մրցակիցներն արդեն 10 անգամ հանդիպել են տարբեր մրցաշարերում: Այդ խաղերում «Ռեալը» տարել է ընդամենը մեկ հաղթանակ, իսկ «Աթլետիկոն»՝ 5: Ի դեպ, վիճակագիրները բացահայտել են եւս մեկ փաստ, որն այսօրվա խաղում առավելություն է տալիս «աթլետներին»: Պարզվում է, որ «Ռեալը» եվրոգավաթների շրջանակում «Սան Սիրո» մարզադաշտում 14 անգամ հանդիպել է տեղի «Միլանի» եւ «Ինտերի» դեմ, եւ ոչ մի անգամ չի կարողացել հաղթանակով վերադառնալ Մադրիդ՝ 10 պարտություն, 4՝ ոչ-ոքի: Արդյո՞ք «Աթլետիկոն» կշարունակի իտալական ակումբների ավանդույթը եւ կխուսափի պարտությունից, պարզ կդառնա այսօրվա հանդիպումից հետո: Համենայնդեպս, այսօրվա խաղն անչափ սկզբունքային նշանակություն ունի երկու թիմերի մարզիչների եւ ֆուտբոլիստների համար, քանի որ հաղթանակի դեպքում նրանք կդառնան ոչ միայն Եվրոպայի, այլեւ Մադրիդի «արքաներ»: Հավելենք, որ խաղը կսկսի Երեւանի ժամանակով 22:45-ին: Այն ուղիղ եթերով կցուցադրվի աշխարհի 200 երկրներում: