Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինձ փորձում են կապել տարբեր տեսակի կոնֆլիկտների հետ» (տեսանյութ)

Հասարակություն
beg

Մեր բոլորի՝ Սփյուռքի, արցախյան հայության համար չափազանց կարեւոր է անկախ հանրապետություն ունենալը: Այսօր Գարեգին Նժդեհի արձանի բացման արարողության ժամանակ «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ խոսելով ՀՀ առաջին հանրապետության տոնի մասին՝ ավելացնելով. «Դուք դրանում կարող եք համոզվել չորսօրյա այս դժվարին պատերազմի ժամանակ հանրապետության դերն ու նշանակությունը որքան մեծ է ժողովրդի համար: Ես կուզենայի, որ բոլորը խորապես ընդունեին մեր հանրապետության անկախության իմաստը, եւ բոլորս պահեինք, փայփայեինք եւ գուրգուրեինք մեր հանրապետությունը»: Իսկ թե ինչպես պետք է փայփայենք ու գուրգուրենք մեր հանրապետությունը, պարոն Բեգլարյանի առաջարկը մեկն է. «Բոլորս միասին համախմբված եւ շատ սիրով մեկս մյուսի նկատմամբ լցված, բոլոր թերությունները անտեսելով ու դեպի վառ ապագա քայլելով»: Ըստ նրա՝ այս ամենին անմիջականորեն նպաստի նաեւ ՀՀ վարչապետի հայտարարությունը՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին. «Յուրաքանչյուր այդ կարգի քայլերին մենք բոլորս պետք է համախմբված օգնենք ու արդյունավետ պայքարի դեպքում մենք անպայման հաջողության ենք հասնելու»: Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում նախարարությունը ի՞նչ գործուն քայլեր է անում հարցին Գագիկ Բեգլարյանը նշեց՝ առաջին օրվանից, երբ նշանակվել է նախարար, դեռ այն ժամանակ է հայտարարել, որ դրա դեմ պայքարելու են. «Ես՝ որպես վառ օրինակ, կարող եմ ասել, որ հենց թեկուզ այս տարվա մրցույթներում այդ մեծ գումարների մեր տնտեսումները, թեեւ ոչ ամբողջովին, բայց մեծամասամբ նաեւ կոռուպցիայի դեմ է: Երբ որ արդար մրցույթ է տեղի ունենում, երբ արդար մրցակցություն կա, աշխատում են այն մարդիկ, որոնք որակ են ցույց տալիս եւ նորմալ գին, դա արդեն առաջին պայքարներից մեկն է: Երեկ չէ առաջին օրը մենք մրցույթ ենք ունեցել, Ալավերդիի ճանապարհի մեծ հատվածի վրա մեկ մրցույթում տնտեսել ենք 800 մլն դրամ, որը կամ կվերադարձվի պետական բյուջե, կամ կծախսվի մեկ այլ ճանապարհների վրա»: Ինչ վերաբերում է Հյուսիս-հարավ ճանապարհահատվածին՝ արդյոք այս տարի ի վերջո այն ավարտին կհասցվի՞, նախարարը պատասխանեց, որ դեռ մի քանի տարի պետք է աշխատեն. «Սակայն Երեւան-Արտաշատ-Երեւան ճանապարհը վերջնական ընդունում ենք հունիսի 15-ին: Մենք սկսում ենք աշխատանքները Թալին-Լանջիկ-Գյումրի, հիմա մրցույթի կդնենք Ագարակ-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը: Այդ աշխատանքները կսկսենք այս տարվա կեսից, իսկ մնացածը՝ հաջորդ տարի: Ինձ թվում է՝ լավ աշխատանքի դեպքում 2-3 տարվա ընթացքում կհասնենք արդյունքի: Կարծում եմ՝  շատ լավ կլինի. մի քիչ համբերություն է պետք ու հավատով, քանի որ յուրաքանչյուր մարդ փորձում է այդ ծրագիրը ապականել, պղծել, իսկ մենք համեստորեն լռում ենք, աշխատում ենք, որ ամեն ինչ ընկնի իր տեղը»: Ինչ վերաբերում է մամուլում արծարծվող նրա թիկնապահների հետ կապված միջադեպին, ապա Գագիկ Բեգլարյանը նշեց, որ այդ մասին իրենց նախարարությունը հայտարարություն տարածել է. «Ես ընդհանրապես թիկնապահներ չունեմ՝ միշտ տեսնում եք՝ կամ այս երիտասարդն է ինձ հետ, կամ մյուսը, նրանք իմ օգնականներն են, եւ ես այդ կռվի հետ ընդհանրապես առնչություն չունեմ, ինչպես որ նախորդների, որոնք մամուլում ասվում են: Ուղղակի, դուք գիտեք երկար տարիներ ինձ, չգիտես ինչու, փորձում են կապել տարբեր տեսակի կոնֆլիկտների հետ. երեւի լսել են, որ դպրոցում մի քանի հատ կոնֆլիկտ եմ ունեցել»: