Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գարեգին Նժդեհի մասին «եթե»-ով մի խոսեք» (տեսանյութ)

Հասարակություն
qax

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարծիք շատ դրական է Գարեգին Նժդեհի՝ այսօր բացված արձանի վերաբերյալ. «Երեւանի սրտում Գարեգին Նժդեհի արձանը կանգնեցնելը ինձ համար հպարտություն է: Ինչ վերաբերում է արտաքին տեսքին, որի մասին վերջին շրջանում խոսակցություններ եղան, ես համաձայն չեմ այդ կարծիքների հետ. ամեն մարդն իր կարծիքն ունի եւ քանդակագործին, լսելով, թե ինչ կերպար է տեսել, հասկանում եմ, որ նա Նժդեհի կերպարը տեսնում է այսպես: Կարեւոր է, որ Երեւանում Նժդեհն իր տեղն ունեցավ»: Արդյոք արձանը չպե՞տք է լիներ համանուն՝ Գարեգին Նժդեհի հրապարակում, որտեղ այս պահին վեր է խոյանում Խորհրդային գործիչ Սուրեն Սպենդարյանի արձանը, Տարոն Մարգարյանը չհամաձայնեց այդ տեսակետի հետ. «Գիտեք, Նշդեհի հրապարակում, երբ ժամանակին այն անվանակոչել են, այնտեղ արձան կար: Մենք նախատեսեցինք, 2015թ. ստեղծեցինք Նժդեհի արձանի տեղադրման հանձնաժողով եւ մրցույթ հայտարարվեց: Որոշում կայացվեց, որ այս այգում այն տեղադրվի: Նժդեհի արձանի տեղադրման համար դեռ 2013թ. այս այգին ամբողջությամբ բարեկարգվեց»: Այն դիտարկմանը, որ միտումնավոր է Գարեգին Նժդեհի արձանը հենց Հանրապետության հրապարակին կից այգում տեղադրվել, քանի որ այս տարածքում է գտնվում նաեւ ՀՀԿ գրասենյակը քաղաքապետը նկատեց. «Ինձ թվում է՝ այստեղ՝ հարակից վայրերում, շատ կուսակցությունների գրասենյակներ կան, եւ ՀՀԿ գրասենյակն այդքան կապ չուներ այս տարածքի հետ: Ավելի շատ, Հանրապետության փողոցի մոտ՝ այս բարեկարգ այգում, տեղադրվեց արձանը: Նաեւ՝ շնորհավորում եմ, լավատես եղեք ու Գարեգին Նժդեհի գաղափարախոսությամբ ապրեք»: Իսկ արդյոք Տարոն Մարգարյանը զրուցել է ճարտարապետ Լեւոն Իգիթյանի հետ, հորդորել նրան՝ Երեւան քաղաքի այս կամ այն հին շինության մասին, որը որոշվել է քանդել, անհարիր բառապաշարով չարտահայտվել՝ սարայ, ցախանոց, քաղաքապետը պատասխանեց. «Ամեն մարդ իր կարծիքն ունի, Լեւոն իգիթյանը նաեւ Երեւան քաղաքի պատվավոր քաղաքացի է եւ ունի անցած երկար ճանապարհ, ես հարգում եմ դա: Ինչ վերաբերում է այս կամ այն շենքի վերաբերյալ նրա այս կամ այն բնորոշումներին, ապա դա ընդամենը նրա մասնագիտական կարծիքն է: Ձեր ասած՝ այդ կոպիտ արտահայտությունները Երեւանի հասցեին չեն, այլ լոկալ ինչ-որ մի կառույցի մասին է: Բոլոր մասնագետներն էլ ունեն իրենց կարծիքը, ես, օրինակ, այդ կարծիքին չեմ»: Լրագրողի այն հարցին՝ եթե Գարեգին Նժդեհը ողջ լիներ, ի՞նչ գնահատական կտար ՀՀԿ այսօրվա գործունեությանը, Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Գարեգին Նժդեհի մասին «եթե»-ով մի խոսեք: Հասկացեք ինչ ուզում եք»: