Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եկել է ժամանակը վերանայելու ստատուս քվոն. Վիգենին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
osce-baku

Ամփոփելով երկօրյա այցը Ադրբեջան` ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի`Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը վերահաստատել է ակտիվ խորհրդարանական շփումների անհրաժեշտությունը` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԵԱՀԿ գրասենյակը։ Բաքվում Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օգթայ Ասադովի, Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության անդամների հետ: «Եկել է ժամանակը վերանայելու ստատուս քվոն, որը շարունակում է հանգեցնել մարդկային կորուստների, ինչն անընդունելի է, ջանքեր են պետք, որ վերջնականապես խաղաղություն կբերեն այս անհանգիստ տարածաշրջանին»,- ասել է հատուկ ներկայացուցիչը: «Վերջին պայմանագրերը՝ կապված հետաքննության մեխանիզմը ավարտին հասցնելու հետ և ընդլայնելու ԵԱՀԿ ներկայությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, կարևոր դրական քայլեր են: Եվ Ադրբեջանում, և Հայաստանում, ես կոչ եմ արել իշխանություններին առաջիկայում հիմնվել այս զարգացումերի վրա: Խորհրդարանական մակարդակով ես նախատեսում եմ շարունակել աշխատանքս տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող խորհրդարանականների հետ՝ բարձրացնելու համար քաղաքական կամքը հանուն համապարփակ կարգավորման»,- շարունակել է Վիգենինը: Հատուկ ներկայացուցիչը կրկնել է, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում՝ կոչ անելով բոլոր կողմերին դադարեցնել ագրեսիվ հռետորաբանությունը և ավելի կառուցողական ջանքեր կիրառել խաղաղության հաստատման համար: Նա նաև իր աջակցությունն է հայտնել Մինսկի խմբի գործընթացին: «Ես իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում Մինսկի խմբի և դրա համանախագահների ջանքերին, որոնք միտված են նպաստելու խաղաղ կարգավորմանը: Պաշտոնական ջանքերին աջակցելու համար առաջիկա շաբաթների ընթացքում ես իմ գործընկերներին կառաջարկեմ մի քանի որոշակի գաղափարներ՝ խորհրդարանական մակարդակով հետագա շփումների և տեսակետների փոխանակման համար»,- ասել է Վիգենինը՝ նշելով, որ ԵԱՀԿ ԽՎ ամենամյա նստաշրջանը, որն անցկացվելու  է հուլիսի 1-5 Թբիլիսիում, լավ սկիզբ կլինի քննարկումներն սկսելու համար: Բաքվում Վիգենինը մասնակցել է Ադրբեջանի հանրապետության օրվան նվիրված տոնակատարություններին: «Ինձ համար հաճելի է անձամբ փոխանցել իմ երախտագիտությունը՝ կապված վերջերս Ադրբեջանում բանտից մի շարք մարդու իրավունքների պաշտպանների և ընդդիմադիր քաղաքական գործիչների ազատ արձակման հետ: Այդ դրական զարգացումներից պետք է օգուտ քաղել, և ես հուսով եմ՝ տեսնել առավել ջանքեր իշխանությունների կողմից՝ բարենպաստ պայմաններ ստեղծելու ՀԿ-ների համար»,- ասել է Վիգենինը: Մինչև Ադրբեջան կատարած այցը, հատուկ ներկայացուցիչը շաբաթվա սկզբին այցելել էր Հայաստան և Վրաստան, որտեղ ունեցել է մի շարք հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: