Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երկու ճանապարհ՝ իշխանափոխության համար» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ert

«Մենք ենք տերը մեր երկրի» քաղաքացիական նախաձեռնության կոչով՝ այսօր մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Ազատության հրապարակում, որտեղ նախատեսված էր «Վերջին զանգի» համերգային ծրագիր: Հետաքրքրական է, որ նախաձեռնության կազմակերպիչներին որեւէ մեկը չէր ճանաչում: Քաղաքացիները նշում էին, որ հավաքի մասին «Ֆեյսբուքից» են տեղեկացել: Մեզ հետ զրույցում նրանցից մեկը՝ Ներսես Գեւորգյանը, ասաց, որ իրեն անհանգստացնում են բանակի խնդիրները. «Որպես քաղաքացի՝ ես անհանգստացած եմ այն իրավիճակով, որը տեղի է ունենում: Սահմանում համեմատաբար խաղաղ ժամանակահատվածը տեւելու է մինչեւ հունիսի 19-ը, երբ Բաքվում կավարտվեն Ֆորմուլա 1-ի միջոցառումները: Մենք շատ ավելի բարդ վիճակում ենք հայտնվելու հունիսի 19-ից հետո»,-նշեց նա: Հավաքին ներկա էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ եկել է հավաքին՝ հետեւելով նախաձեռնության կոչին: Նա կարծում է, որ իշխանափոխության համար գոյություն ունի երկու ճանապարհ. «Մեկը՝ արդար ընտրությունների միջոցով, երկրորդը՝ փողոցային պայքարով իշխանությանը հեռացնել: Որեւէ մեկն այլեւս չի հավատում, որ այս իշխանությունը կարող է պայքարել կոռուպցիայի դեմ կամ արմատական քայլերի գնալ ժողովրդի համար»: Ի դեպ, քաղաքացիներից մեկն առաջարկեց հավաքը հետաձգել՝ հարգելով շրջանավարտներին եւ չփչացնելով նրանց տոնը, սակայն նրանք չհամաձայնեցին՝ երթով շարժվելով դեպի Փակ շուկա՝ Սամվել Ալեքսանյանից պահանջելով գումար ուղղել բանակի հզորացմանը: