Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտովթարից շրջանավարտներ են մահացել

Հասարակություն
1464345587694

Այսօր հանրապետության ավագ դպրոցներում «Վերջին զանգի» արարողությունն է, և ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնում է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները` տոնական հանդիսությունների վայրերում մասնակիցների անվտանգությունն ու պատշաճ կարգուկանոնը ապահովելու համար: Ու թեև մեքենա վարելու գայթակղությունից ձեռնպահ մնալու՝ շրջանավարտների ծնողներին և շրջանավարտներին ուղղված ոստիկանության բազմաթիվ հիշեցումներին ու կոչերին, ցավոք, արդեն արձանագրվել են անչափահաս վարորդների կողմից թույլ տրված հերթական օրինախախտումները, որոնցից մեկը՝ ողբերգական ելքով (2 զոհ): Այսպես. Մայիսի 26-ին, ժամը 16-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արալեզ գյուղի դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ, 1998 թ. ծնված Հ. Ա.-ի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Արալեզ գյուղի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին, ինչի հետևանքով Հ. Ա.-ն և ուղևորներ՝ նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ՝ 1999 թ. ծնված Ա. Գ.-ն, 1997 թ. ծնված Յու. Պ.-ն և 1998 թ. ծնված Գ. Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Հ. Ա.-ն և Գ. Հ.-ն մահացել են: Նույն օրը և նույն ժամին Կոտայքի մարզի Զովք գյուղի սկզբնամասում կողաշրջվել է Զովք գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 2000 թ. ծնված Տ. Բ.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով Տ. Բ.-ն և ուղևորներ՝ Զովք գյուղի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ՝ 1999 թ. ծնված Կ Հ.-ն և նույն թվականին ծնված Մ. Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: «Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումները շարունակվում են. այսօր՝ մայիսի 27-ին, ժամը 14.30-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 63 տրանսպորտային միջոց, որից 25-ը՝ Երևանում (2-ը՝ անչափահաս), 38-ը՝ մարզերում (27-ը անչափահաս): Մեկ անգամ ևս ծնողներին հորդորում ենք տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին: Անհրաժեշտության դեպքում անձամբ վարեք մեքենան: Հիշեցնում ենք, որ «Վերջին զանգի» հանդիսությունների ընթացքում ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները: