Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ասպիրանտուրաները՝ դեզերտիրների դարբնոց»

Քաղաքականություն
levon-mkrtchyan-1

ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանն այսօր ԱԺ-ում ներկայացվեցին Սփյուռքի, Մշակույթի, Սպորտի եւ երիտասարդության հարցերի, Կրթության եւ գիտության, ՀՌԱՀ ծախսերն ու եկամուտները: Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն իր զեկույցում նշեց, որ իրենց ոլորտում անցած տարի ունեցել են հարյուր տոկոսանոց արդյունք, հատկապես նախակրթարանների մասով: Նա նաեւ նշեց, որ որոշել են կրեդիտային համակարգ մտցնել նաեւ ասպիրանտուրայում: Նրան հարց ուղղեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով. «Մեր կրթական հատկապես բուհական համակարգը լրջագույն, անգամ՝ հեղափոխական փոփոխությունների կարիք ունի: Մենք մի մոդել ենք առաջարկում, որը կանադական փորձն է, որ անհարգալից բացակայությունների դեպքում ուսանողը պետք է վճարի: Բացի այդ, մեզանում շարունակում են մնալ էլիտար բուհեր, ուսանողներ, ֆակուլտետներ հասկացողությունները, որի արդյունքում ունենք տգետ բիժշկներ, իրավագետներ ու դատավորներ, որոնք լրջագույն խնդիր են մեր երկրի համար: Իսկ ասպիրանտուրաներն ընդհանրապես վերածվել են բանակից խուսափող դեզերտիրների դարբնոցի հատկապես պաշտոնյաների երեխաների համար»: Լեւոն Մկրտչյանն ի պատասխան ասաց, որ կրթական համակարգը ծանր ու պահպանողական համակարգ է. «Բացասական երեւույթները ամեն ընտանիքի դուռը թակում են, սակայն միանշանակ գնահատականներ տալուց կխուսափեի: Խորհրդային շրջանում եւս ռայկոմի քարտուղաների առանձնաշնորհյալ երեխաներ, ինչպես նաեւ՝ տգետ մասնագետներ եղել են: Մենք ունենք ձեւաչափ, որի վրա աշխատում ենք: Հատկապես մարզերի երեխաները երբեմն հնարավորություն չեն ունենում այդ լավ բաժիններն ընդունվել, քանի որ ուսանողական վարկեր վերցնելու փոխարեն նախընտրում են գյուղատնտեսական վարկեր վերցնելը: Այդ երեխան կարող է ընդունվել բուհ, սակայն վճարովի բաժին: Ես կարծում եմ՝ չկան էլիտար ֆակուլտետներ, այլ կա հասարակության հիվանդ ընկալում: Իսկ երբ ասում եք հեղափոխություն, ես ինքս հեղափոխական կուսակցության անդամ եմ, սակայն կարծում եմ, որ ոչնչացումը հեղափոխություն չէ»: Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց՝ ասելով. «Որքան էլ որ համաձայն եմ, որ կրթական համակարգը պահպանոողական է, սակայն Խորհրդային տարիների համակարգը ամենալավն էր: Հիմա այնքան արատներ են արմատացած, որ ռադիկալ լուծումների կարիք կա: ՀՀ կրթական համակարգը եզակի է այն առումով, որ շրջանավարտը փող  է տալիս բուհում սովորելու համար հետո էլ՝ զաչոտնիկում է փող դնում՝ ավատելու համար»: