Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանցին կմտերմանա Նժդեհի հետ. Կամո Արեյան (տեսանյութ)

Քաղաքականություն
areyan-1

Քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը մի կերպ է թաքցնում այն փաստը, որ Համազասպ Բաբաջանյանի արձանն իրենց վրեժն է հունգարացիների նկատմամբ, որոնք ազատ արձակեցին հայ զինվորականին սպանած Ռամիլ Սաֆարովին.«Հպարտ եմ եւ խորհուրդ կտամ բոլորդ հպարտությամբ նայեք Բաբաջանյանին»։ Իսկ հունգար ժողովրդին ի՞նչ խորհուրդ կտա։ «Հունգար ժողովրդին խորհուրդ կտամ Ռամիլ Սաֆարովին նորից հետ տանել։ Հունգարներին նորից կնվիրեմ մի հատ Ռամիլ Սաֆարովին: Չխառնենք էդ սուրբ անունը՝ Բաբաջանյանը»,- ասում է փոխքաղաքապետը: Կամո Արեյանը տեղյակ է, որ «երկաթե սեւ գեներալի» համբավ ունեցող զրահատանկային զորքերի խորհրդային մարշալի տանկերը 1956-ին արյան մեջ խեղդեցին հունգար ժողովրդի ըմբոստությունը կոմունիստական կարգերի դեմ: Դա ոչինչ չի նշանակում. «Բաբաջանյանը մեր ազգի պարծանքն է։  Հպարտ եմ որպես հայ ունեմ Բաբաջանյանի պես մարշալ»: Լեռնահայաստանի արծվի՝ Գարեգին Նժդեհի արձանի հանդեպ արդեն բանահյուսական եւ ծաղրական վերաբերմունքը նույնպես չի ընկճում Երեւանի բոլոր ժամանակների փոխքաղաքապետին.« Առաջին տեղադրումից հետո սկսում են անուններ տալ, հետո մարդիկ սիրով հաշտվում են այդ արձանների հետ, մտերմանում, հիշեք Առնո Բաբաջանյանին»: Ժամանակակիցների կողմից չընկալվելը արձանների ճակատագիրն է, ըստ Կամո Արեյանի: Նա քանդակագործի ստեղծագործական լուծումներին նորմալ է վերաբերվում, պարտադիր չէ, քանդակի վրա որ ճարտարապետը պատճենահանի Գարեգին Նժդեհին. «Երբեմն քանդակագործները դնում են իրենց նաեւ ֆանտազիան, իրենց երեւակայությունը»: Իսկ թե ինչու Նժդեհի արձանը չեն կանգնեցնում Շենգավիթ համայնքի զորավարի անվան հրապարակում, որտեղ խորհրդային կուսակցական գործիչ Սուրեն Սպանդարյանի արձանն է, պարոն Արեյանը կասի՝ ամենաանհաջող տեղն է նման արձանների համար. «Դա արձանի տեղ չէ, իսկապես նա էլ անհաջող տեղում է տեղավորված, մետրոյի կայարանի փոսի վրա, անհաղորդակից, անհասանելի մարդկանց»: Փոխքաղաքապետը համաձայն չէ, որ վերջին երկու արձաններն ավելի շատ կսազեին հայկական գերեզմանոցներին՝ տարբերություն կա. «Արվեստը երբեք չշփոթենք արհեստի հետ»: Հիշեցնենք, , արվեստի հաջորդ ստեղծագործությունը կանգնեցվելու է վաղուց ֆուտբոլային ոչ մի հանդիպում չընդունող «Հրազդան» մարզադաշտի մոտ՝ ավագանու որոշմամբ դա կլինի «Արարատ-73»-ի արձանախումբը: