Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ճանապարհը, բնականաբար, պիտի քայքայվի»

Հասարակություն
transport-1

« Ճանապարհն անընդհատ վերանորոգելու  կարիք ունի, որովհետև ժամանակի ընթացքում, բնականաբար, պիտի քայքայվի»,- ասել է Տրանսպորտի եւ կապի  նախարարության  «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանը՝  անդրադառնալով Վարդենիս-Քարվաճառ, Գորիս-Սիսիան և Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածների անմխիթար վիճակի մասին հրապարակումներին։ Ըստ նրա՝ Մարտունի  – Վարդենիս – Սոթք – ԼՂՀ սահման մայրուղու ընդամենը 5 կմ ճանապարհահատվածն  է անմխիթար վիճակում: Այն ներառված է Համաշխարհային բանկի միջոցներով  նախատեսված ծրագրում և կհիմնանորոգվի այս տարի: «Սիսիան-Գորիս  ճանապարհահատվածը մաս է կազմում «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի  ներդրումային ծրագրի», ուստի` մեծ գումարներ ներդնել դրա հիմնանորոգման  համար, հետո քանդել, կլինի գումարի վատնում, հետևաբար պետական բյուջեով  նախատեսվել է համապատասխան գումար այն մասնակի վերանորոգելու համար»,-նշել է պարոն Սարգսյանը։ Իսկ  Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ 6) ճանապարհահատվածը հիմնանորոգելու  նպատակով բանակցություններ են վարվել մի շարք դոնոր կազմակերպությունների  հետ: Արդյունքում երկու դոնորի` Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական  զարգացման բանկի հետ համաձայնություն է ձեռք բերվել: Ծրագիրը կազմում է մոտ  100 միլիոն եվրո, որի մի մասը կիրականացվի Եվրոպական ներդրումային բանկի,  մյուս մասը` Ասիական բանկի ֆինանսավորմամբ: Եվրոպական բանկի հետ  համաձայնագիրն արդեն ստորագրվել է, իսկ Ասիական զարգացման բանկի հետ բանակցությունները շարունակվում են: Բացի այդ  մեկնարկել է Եվրոպական ներդրումային բանկի հատվածի շինարարական  մրցույթը, արդյունքները կամփոփվեն, և այս տարի կսկսվեն 35 կմ ճանապարհահատվածի շինարարության աշխատանքները, որում ներառված են նաև այն  երեք թունելները, որոնք ամբողջովին կհիմնանորոգվեն և կնորացվեն` համապատասխանեցնելով ժամանակակից ստանդարտներին: Իսկ մյուս հատվածիշինարարությունը կմեկնարկի վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո: Վերադառնալով քննադատություններին ՝  պաշտոնյան նշել է , որ ՀՀ կառավարությանորոշմամբ սահմանված է ճանապարհների ամենամյա ամառային և ձմեռային սպասարկման ժամանակահատվածներ. «Այսինքն` մեծ ցանկության դեպքում էլ չես կարող մինչև ապրիլի 15-ը որևէ ասֆալտապատման աշխատանք կատարել: Եվ սա շատ  տրամաբանական է, որովհետև այդ ժամկետը սահմանվել է մասնագիտական վերլուծության արդյունքում` պայմանավորված կլիմայով:  Եթե չեղավ համապատասխան եղանակային պայման, բնականաբար, այդտեղ ոչ մի աշխատանք չես  կարող անել»։