Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 «Քաղաքացի է, վերադարձել է, թող բարով վերադառնա». Շարմազանովը՝ Ս. Բաբայանի մասին  (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
SJGceiob_6I

ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստից հետո, որը վարել է Սերժ Սարգսյանը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնեց, որ հիմնականում քննարկել են իրավիճակը ղարաբաղաադրբեջանական շփման գծում, անվտանգության ամրապնդման միջոցառումների ընթացքը, ինչպես նաեւ՝ ԱԺ վերջին արտահերթ նիստի արդյունքները: Խոսելով ԸՕ նախագծի ընդունման մասին՝ նա նշեց, որ նման օրենքները միաձայն չեն ընդունվում. «Կարեւորը լինի կոնսոլիդացիա: ՀՀԿ-ն, դուք գիտեք, որ բաղկացած է 70 պատգամավորից, հաշվի առնելով, որ ունեցել ենք նաեւ մի քանի բացակա, սա ամենալայն կոնսոլիդացիան էր, որ կարող էինք սպասել: 102 ձայնով ԸՕ անցկացնելը գերբավարար է: Ավելի լայն կոնսոլիդացիա ապահովելու համար չի բացառվում, որ մենք շարունակենք համագործակցությունը մեր ընդդիմադիր գործընկերների հետ»: Անդրադառնալով Արցախի հերոս Սամվել Բաբայանի վերադարձի մասին նախաձեռնությանը՝ Էդուարդ Շարմազանովը կարճ արձագանքեց. «Քաղաքացի է, վերադարձել  է. յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ազատ տեղաշարժի: Վերադարձել է, թող բարով վերադառնա»: Նա նաեւ նշեց, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն այսօր հայտարարել է, որ Սամվել Բաբայանը չի դիմել ԼՂՀ ՊԲ-ին՝ մտնելու զինծառայության.  «Այլ բան չեմ կարող ասել. դա Սամվել Բաբայանի իրավունքն է՝ ինչով զբաղվել ԼՂՀ օրենքի շրջականերում»: Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե ՀՀ- ն սպառնում է ատոմային զենքով, Էդուարդ Շարմազանովը դա մառազմ ու զառանցանք  համարեց.  «Ի՞նչ ատոմային զենք: Դա ծիծաղելի է»: Այս տարի ՀՀ-ն է ղեկավարում ՀԱՊԿ-ն: Պարոն Շարմազանովը նշեց, որ մեր ներկայացվածությունն այս կառույցում այլընտրանք չունի.  «ՀԱՊԿ այլընտրանքը դա Թուրքիան է, սա շատ հստակ է: Թուրքիան մնում եւ եղել է մեր թիվ մեկ սպառնալիքը, որ սատարում է Ադրբեջանի ահաբեկչությունը ԼՂՀ բնակչության նկատմամբ: ՀԱՊԿ անդամակցությունը բխում է մեր շահերից ու հեռանկարային է»: