Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վրաստանի հայկական դպրոցներն արագ վրացականացվում են»

Քաղաքականություն
829ac060196c29ec5fa1951d0a5f7924

ԱԺ-ում 2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը, երբ ներկայացվում էր ՀՀ Արտաքին գործերի նախարարության ծախսերը ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանն անդրադարձավ Վրաստանի հայկական դպրոցների վիճակին՝ նշելով, որ դրանք արագ վրացականացվում են, եւ հայեցի կրթության խնդիրը ավելի արդիական է դառնում. «Նաեւ ուզում եմ խոսել Վալեում ապրիլի 24-ին տեղի ունեցած տհաճ միջադեպի մասին, երբ բռնության են ենթարկել մի շարք հայ երիտասարդներ: Արդյոք հայ-վրացական երկկողմ օրակարգում այս խնդիրը ներառվա՞ծ է, թե ոչ, ինչպիսի՞ն է եղել Վրաստանի արձագանքը: Եթե վրացիները խոչընդոտներ են առաջացնում, ապա մեր Արտգործնախարարությունը միջազգային ատյաններում բարձրացնո՞ւմ է այդ հարցը, որ Վրաստանում փոքրամասնությունների իրավունքների ոտնահարում է տեղի ունենում, մանավանդ Վրաստանը ստանձնել է միջազգային բազմաթիվ պարտականություններ»: Նախարար Էդվարդ Նալբանդյանն ի պատասխան հայտարարեց, որ ամեն ինչ անում են, որպեսզի Վրաստանի հետ երկկողմ հարաբերություններն ավելի խորանան ու ամրապնդվեն. «Չլուծվող խնդիրներ չկան, այլ լինում են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ բարդ հարցեր: Վրացի մեր գործընկերների հետ հանդիպմանը չեն վրիպում այս հարցերը: Այդ հանդիպումները բավականին հաճախակի են լինում: Իրականում երկու հարեւան երկրների միջեւ չկան այնպիսի հարցեր, որոնք մենք չկարողանանք լուծել, որ ստիպված լինենք դիմել միջազգային ատյաններին: Վրացական կողմից էլ այդ շահագրգռվածությունը կա՝ լուծելու խնդիրները»: Շիրակ Թորոսյանը նկատեց, որ մենք ընկալելի առաջընթաց չենք տեսնում, թեեւ կիսում է նախարարի լավատեսությունը, որ հայ-վրացական հարաբերությունները զարգանան օրինաչափ, որ կնճիռներ այդ հարաբերություններում չլինեն. «Սա շատ տեսանելի է, սակայն չեք կարծում, որ Վրաստանում լարվածության առաջացման պատճառներից մեկը Ադրբեջանի ու Թուրքիայի գործոնով է պայմանավորված»: Նախարար որոշեց կարճ պատասխանել. «Եթե լավատես չլինեինք, դիվանագետ չէի լինի: Չէի ուզենա մտնել այդ վերլուծությունների մեջ. չեմ կարծում, որ այդ պահն է, որ նման վերլուծություններ անենք»: