Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտոնյան դրամահավաքի պատասխանատվությունը գցում է ծնողների վրա (տեսանյութ)

Հասարակություն
Diana-nkar-Narine-Hovhannisyan

«Վերջին մեկ ամսվա ընթացքում դպրոցներում դրամահավաքի 15 ահազանգ է ստացվել, որի հիմնական մասն անանուն է եղել, այդ իսկ պատճառով դժվար է եղել հասկանալ որքանով են դրանք համապատասխանում իրականությանը: Սակայն  ուսումնասիրության արդյունքում, երբ հրավիրվել են տնօրեններ, խոսել ենք նրանց հետ և պարզ է դարձել, որ այս վերջին զանգը ծնողների կազմակերպածն է»,- նշում է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը՝  խոսելով Վերջին զանգին ընդառաջ դպրոցներում կազմակերպված  դրամահավաքների մասին՝ միևնույն ժամանակ  հավելելով նաև. «Այն, որ դպրոցներում  Վերջին զանգի կապակցությամբ դրամահավաքներ են եղել, տնօրենները դա վկայում են, բայց նաև ասում են, որ դա տեղի է ունեցել ծնողների և երեխաների ցանկությամբ: Եթե երեխան գնում է խնջույքի և նրա հետ գալիս  են նաև ծնողները, բնականաբար, գումարը մեծանում է, որովհետև դա վերաբերում է խնջույքին: Այնտեղ կան, իհարկե, նաև որոշակի ծախսեր, որոնք վերաբերում են ծաղիկներին, լուսանկարներին, մի խոսքով ՝ խնդիրներ, որոնք տարիներ շարունակ եղել են և դա տնօրինվել է ծնողների կողմից»: Դրամահավաքության պատճառով որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, քանզի Նարինե Հովհաննիսյանի պնդմամբ՝ այդ բոլոր խնդիրները տնօրինում են ծնողները: «Բոլոր տնօրեններին ուղարկվել է նաև շրջաբերական, որտեղ նախարարը հորդորել է զերծ մնալ դրամահավաքություններից և ավելորդ ծախսերից, նման խնդրանքով նաև ծնողներին ենք դիմել»,- ասաց տիկին Հովհաննիսյանը: Վերջինիս տեղեկացմամբ՝ ընդհանուր առմամբ այս տարի  կա  երեսուն հազար 9-րդ դասարանի շրջանավարտ, իսկ 25 հազար՝ 12-րդ դասարանն ավարտող: Հիշեցնենք նաև, որ մայիսի 27-ին հանրապետության 1400 դպրոցներում կկազմակերպվի վերջին դաս, կհնչի վերջին զանգը: Նարինե Հովհաննիսյանի խոսքերով՝ յուրաքանչյուր դպրոց ինքն է ընտրել իր Վերջին զանգի սցենարը, իսկ Վերջին զանգի արարողությունները սկսվելու են  մեկ րոպե լռությամբ՝  ի հիշատակ  ապրիլյան պատերազմում հերոսաբար նահատակված զինվորների: «Ուղիղ 50 օր առաջ վերջին զանգի տոնը վտանգված էր, սակայն մենք վաղը կկարողանանք այն նշել ՝ մեր հերոս զինվորների կյանքի գնով»,- շեշտեց Նարինե Հովհաննիսյանը: