Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նժդեհի արձանի հեղինակը՝ քննադատությունների մասին (տեսանյութ)

Հասարակություն
erkar-nkar

Արմատներով սասունցի, Ֆրանսիայում բնակվող Անդրանիկ Դավիդյանը  երկար նայում է  Գարեգին Նժդեհի արձանին, որը տեղադրվեց այսօր, Մետրոյի Հանրապետության հրապարակ կայարանին հարակից այգում։ Նա հարցնում է իր ընկերոջը. «Նորեն ասա անունը ի՞նչ է»,- հնչում է պատասխանը. «Գարեգին Նժդեհ՝ Սյունյաց աշխարհի արծիվը»։ Նա միակը չէ, ով Նժդեհին միանգամից չի ճանաչել։ Երևանցի մի տիկին էլ դրա համար ընկերուհուն է օգնության կանչել։ «Տպավորությունն այն էր, որ Պետրոս առաջինն էր, բայց ասեցի՝ ինչի՞ պիտի դնեն Պետրոս առաջինին մեզ մոտ, զարմացա հարցրի՝ ասեցին Գարեգին Նժդեհ, շատ զարմացա»։ Արձանի հեղինակն այս տեսակետներին հանգիստ է վերաբերվում, մանավանդ, որ էսքիզը հաստատելուց ի վեր այդ խոսակցությունները կան։ Գագիկ Ստեփանյանը նշում է. «Մեկն էլ մոտեցավ՝ բա ձին ուր է..., գիտե՞ք, մարդիկ տարբեր են և  ո՞ր նկարին են ուզում նմանեցնել։ Արվեստագետը, կերտողը ես եմ, ուրեմն՝ ես ամբողջ նյութերն եմ հավաքել, բոլոր իր նկարները»։ Քանդակագործը բացատրում է , թե  Գարեգին Նժդեհին ինչու է այսպես քանդակել։ «Ձեռքի շարժումը՝ նա ցույց է տալիս պատվանդանի ճարտարապետական մասի վրա գրված է իր մտքերը, նա մի միտք ունի՝ իմ հոգին զույգ հենարան ունի՝ Աստված և հայրենիք՝ ես իրան կանգնացրել եմ այդ հենարանների վրա և  այդ զինվորական թիկնոցը երկարացրել եմ, որ ձուլվի իր երկրի իր հողի հետ»։ Պարոն Ստեփանյանը խորհուրդ է տալիս նրանով հիանալ հատկապես առավոտյան, երբ դեռ արևը չի ծագել։ Խոստովանում է՝ իր համար սա հուզումնալից պահ է։ «Կերտել նման մոնումենտ՝ դա հեշտ բան չի, ես պետք է հաղթահարեի ու ինձ թվում է՝ ստացվել է»։ Գարեգին Նժդեհը քանդակվել է 5 տարվա ընթացքում, ունի մոտ 6 մետր բարձրություն։ Իսկ այն տեսնել ցանկացողները ստիպված կլինեն սպասել ևս երեք օր՝ մինչեւ բացման հանդիսավոր արարողությունը։ Տեղադրվելուց անմիջապես հետո արձանը փաթաթեցին։