Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատի տանն ավարտվեց աշխարհի առաջնությունը

Սպորտ
sport-chess-xul-hamr

Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր ավարտվեց խուլ-համրերի շախմատի աշխարհի առաջնությունը: Տղամարդկանց անհատական մրցաշարում մասնակցեցին 21 երկրների 24 շախմատիստ: Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց միջազգային վարպետ, իտալացի Դուլիո Կոլուտիսը, որը վաստակեց 6,5 միավոր: Նա հաղթող է ճանաչվել նաեւ կայծակնային շախմատի մրցաշարում: Կանանց առաջնությունում առաջին տեղը միանձնյա գրավեց  ուկրաինացի Տատյանա Բակլանովան՝ 8 միավոր: Վետերանների մրցաշարում հաղթանակ տարավ լեհ Երժի Ստրելեցկին: Մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց մեր շախմատիստ Հակոբ Հակոբյանը: Պատանի շախմատիստների առաջնությունում արծաթե մեդալը բաժին հասավ մեր հայրենակից Սարո Մելքոնյանին: Նա միայն կես միավորով հետ մնաց չեմպիոնից՝ ռուսաստանցի Միխայիլ Պետրենկոյից: Խուլ-համր եւ կույր շախմատիստների մրցաշարում խաղարկվեց մեկ ոսկե եւ երկու արծաթե մեդալ: Չեմպիոնի կոչումը նվաճեց Ղազախստանի ներկայացուցիչ Բոլատ Կաբիժանովը: Ի դեպ, առաջնության արդյունքներով ստեղծվեցին խուլ-համր կանանց եւ տղամարդկանց հավաքականներ, որոնք այս տարի առաջին անգամ կմասնակցեն շախմատի օլիմպիադային, որը կայանալու է Բաքվում: «Այս առաջնությունն անչափ կարեւոր իրադարձություն է շախմատային կյանքում, քանի որ անցկացվում է չորս տարին մեկ անգամ: Այն ցույց տվեց, որ շախմատը հասանելի է բոլոր մարդկանց համար: Օրինակ, մասնակիցներից մեկը ոչ լսում է, ոչ տեսնում, ոչ էլ խոսում, սակայն շատ լավ շախմատ է խաղում: Պետք է նշեմ, որ Հայաստանի շախմատիստները հաջող հանդես եկան եւ երկու մեդալ նվաճեցին, ինչին չէինք հավատում մրցումներից առաջ», - «Ա1+»-ի մարզական թղթակցին ասաց առաջնության գլխավոր մրցավար Աշոտ Վարդապետյանը: