Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանի փողոցներից մեկը կանվանակոչվի Ջահանգիր աղայի անունով

Հասարակություն
300px-Jahangir_Agha-1

Սարդարապատի ճակատամարտի 98-ամյակին ընդառաջ Երևանի ավագանին մայիսի 25-ին գումարված հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հավանություն է տվել Ավան վարչական շրջանի  Շահինյան փողոցի 4-րդ նրբանցքը եզդիների ազգային հերոս Ջահանգիր աղայի անվամբ անվանակոչելու որոշման նախագծին: Ի հիմնավորում վերոնշյալ որոշման ընդունման անհրաժեշտության` նշվել է, որ եզդի  ժողովրդի ազգային հերոս Ջահանգիր աղան նախ իր զինվորների օգնությամբ Հայոց ցեղասպանության տարիներին ապահովել է բազմաթիվ հայ և եզդի գաղթականների անվտանգ տեղափոխումը Արևելյան Հայաստան։ Իսկ 1918 թվականին նա իր 1500 հոգանոց հեծյալ ջոկատով նաև ակտիվ մասնակցություն է ունեցել Սարդարապատի  և  Բաշ-Ապարանի ճակատամարտերին: Ջահանգիր աղան իր ջոկատով պայքարը շարունակել է նաև Հայկական բանակի կազմում՝ Դրաստամատ Կանայանի հրամանատարության ներքո: Ցուցաբերած քաջության և խիզախության համար  պարգևատրվել է «Գևորգյան» խաչով։ Հարկ է նշել, որ փողոցի  անվանակոչության վերաբերյալ միջնորդությունները ներկայացվել էին Հայաստանում եզդիական մի շարք հասարակական կազմակերպությունների և  միավորումների կողմից: Հերթական նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը ևս արժանացել են ավագանու հավանությանը: Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը որոշվել է գումարել հունիսի 24-ին:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն