Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՕ նախագիծն ամբողջությամբ ընդունվեց (տեսանյութ)

Քաղաքականություն
azh

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր քննարկվեց ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագիծը 3-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Այն 102 կողմ, 17 դեմ,  3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց: Մինչ քվեարկությունը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց՝ նպատակ են դրել, որ ԸՕ շուրջ լայն կոնսենսուս ստեղծվի, որ նախագծի քննարկմանը մասնակցեն բոլորը. «Ես ցանկանում եմ՝ պարզություն մտնի՝ այս քննարկմանը կհաջորդի՞ նստաշրջան, որ մեր առաջարկած այդ փոփոխությունները մտնեն նախագծի մեջ: Այս արտահերթ նիստով ժամանակ չենք հասցնի դրանք քննարկել՝ հասնելու այդ գործընթացի ավարտին: Ինչպե՞ս է պատկերացնում իշխող ուժը այդ կոնսենսուսը, եթե այն ձեռք բերվի»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չպատասխանեց նրա հարցին եւ մինչ քվեարկությունը բոլոր պատգամավորներին կոչ արեց չհեռանալ դահլիճից, քանի որ քննարկումը շատ կարճ է տեւելու՝ ընդամենը 5-10 րոպե, որպեսզի իրականացնեն քվեարկություն: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ այս ընթացքում եղել են շտկումներ՝ որոշ նախադասություններ վերաշարադրվել են, մի երկու վրիպակ են գտել, խմբագրել. «Եթե անգամ հունիսի մեկից հետո մեզ հաջողվի գտնել այնպիսի մեխանիզմներ, որոնք կուժեղացնեն ԸՕ նախագիծն ու այդ մեխանիզմները իրական կլինեն, մենք ԱԺ արտահերթ նիստ կամ նստաշրջան կհրավիրենք՝ ներկայացնելու առաջարկություններ՝ փոփոխություններ կատարելու համար»: Քվեարկությունից անմիջապես առաջ Լեւոն Զուրաբյանը նշեց, որ այս ԸՕ նախագիծը որեւէ հարց չի լուծում ԵԱՀԿ, հանրության ու քաղաքական ուժերի կողմից ներկայացված առաջարկների մասով. «Հետեւաբար, մենք դեմ ենք քվեարկում՝ ըմբռնումով, որ կշարունակվեն աշխատանքները՝ կոնսենսուսի ձեռք բերման ուղղությամբ»: Իսկ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը նշեց, որ կարեւորագույն հարցեր էին դրել, որոնք չեն լուծվել. «Ինքներդ փոշմանելու եք, որ ընդդիմությանը այդքան նեղացնում եք: Մենք էլ քվեարկելու ենք դեմ՝ առանց ըմբռնման»: Գալուստ Սահակյանը նաեւ հայտարարեց, որ ԱԺ արտահերթ նիստը կես ժամից կավարտվի, քանի որ ընդամենը երկու օրինագիծ է մնացել քննարկելու: