Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Րաֆֆի Հովհաննիսյանը գիտի՝ ով է պատասխանատուն (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-Raffi-Hwvhannisyan

«Ժառանգություն» կուսակցության նախագահ  Րաֆֆի  Հովհաննիսյանի համար մերժելի է անգամ մեկ թիզ հողի   կորուստը:  Նա անընդունելի է համարում Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե  կորցրած 800 հեկտար տարածքը ռազմավարական կամ մարտավարական առումով որևէ նշանակություն չունի: «Այդ պատրվակը, որ պետք է կանխել  հավելյալ կորուստները , իմ կարծիքով՝ պարզապես պատրվակ է, պարտվողական մահանա և փախուստ սեփական պատասխանատվությունից, թե ինչու եղավ դա»,-լրագրողների հետ զրույցում շեշտեց  Րաֆֆի  Հովհաննիսյանը: Վերջինս  վստահ  է՝  Հայաստանը պետք է վերադառնա  1994թ-ի զինադադարից հետո եղած սահմանագծին: Իսկ առանց  նախկին այդ տարածքային ամբողջականությունը  վերականգնելու՝  պաշտոնական Երևանը չպետք է գնար նոր բանակցությունների: «Այո, հերոսությամբ  պաշտպանեցին  հայրենի եզերքը մեր տղաներն ու աղջիկները, բայց  նաև սա կորուստ է և պատասխանատվությունը պետք է վերցնի այս իշխանությունը, որը թույլ տվեց  սա: Միայն քավության նոխազներով  չպետք է զբաղվեն, այլ այնտեղ, որտեղ պատասխանատվությունը բնակվում է՝ Բաղրամյան 26-ում, գլխավոր շտաբում , այնտեղ պետք է լինի այդ պատասխանատվության ստանձնումը»,- ընդգծում է պարոն Հովհաննիսյանը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում «Ժառանգության» տեսակետն անփոփոխ  է՝  պետք ճանաչել Արցախի անկախությունը: Այս համատեքստում նա նշեց. «Մենք մերժում ենք ցանկացած մոտեցում, որը հիմնված է  Մադրիդյան կամ Կազանյան սկզբունքների վրա»: «Կարևորագույն հիմնախնդիրները մեր օգտին լուծելու համար  պետք է  դիվանագիտական կորպուսը  դրսևորի ճկունություն և ավելի աշխույժ քաղաքականություն»,-համոզված է նրա հայրը՝ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը՝ հավելելով նաև, որ միայն հայի գեղեցիկ աչքերի համար միջազգային հանրությունից օգուտներ չես քաղի: Վերջինս «Ա1+»-ի հետ զրույցում այս կապակցությամբ ասաց. «Մենք միշտ այսպիսի ռիսկի մեջ ենք , հայ ժողովուրդը, մեր պետությունը միշտ ռիսկի մեջ ապրած է և խելացի ղեկավարություն պիտի ըլլա, որպեսզի այդ ռիսկը հաղթահարե և մեզ ապահովություն տա, և փոխանակ մեր ժողովրդին դուրս գալը, փախուստ տալը՝  փորձի միջոցներ գտնել տնտեսական և դիվանագիտական, որպեսզի այդ ժողովրդի գոնե մի մասը վերադառնա իր հայրենիքը»: Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր մասնակցում էր  հոր՝ Ռիչարդ  Հովհաննիսյանի «Հայաստանի Հանրապետություն» գրքի   անգլերենից հայերեն թարգմանության 3-րդ և 4-րդ հատորների շնորհանդեսին: Մանրամասները՝ տեսանյութում: