Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գառնիի ծրագիրը ոչ թե չեղյալ է հայտարարվել, այլ դադարեցվել է» (տեսանյութ)

Հասարակություն
garni-nkar

Գառնիի կիրճից Արարատյան դաշտի գյուղեր ջուր հասցնելու ծրագիր ոչ թե չեղյալ է հայտարարվել, այլ դադարեցվել է։ Սակայն պայքարի դուրս եկած գառնեցիներն ու  բնապահպանները հավատացած են՝ այն այլևս չի շարունակվի։ «Եթե Կառավարությունն այդ իմաստով իր  որոշումը կայացրած չլիներ, վարչապետը չէր գա և չէր հայտարարի այդքան ժողովրդի առաջ»,- ասում է լրագրող Սառա Պետրոսյանը։ Կառավարության նպատակը ամենևին էլ 12 գյուղերի հողատարածքներ ոռոգելը չի եղել։ Գառնեցիներն այս ծրագրի դեմ դուրս են եկել նաև հենց այդ պատճառով։ Շահագրգռվածություն ունեցել են կոնկրետ պաշտոնյաներ։ Լրագրողը նշում է.  «ՀՀ վարչապետը Նարեկ գյուղում ունի 120 հեկտար հողատարածք, փաստված է, որ այնտեղ Գագիկ Խաչատրյանն ունի հողեր, Գյուղնախարարի տեղակալ Սամվել Գալստյանը ունի հողատարածքներ»։ Քաղցրաշենի ոռոգման համակարգի ծրագիրը չդադարեցնելու դեպքում, ըստ բնապահպանների, կվտանգվեր Ազատ գետի ջրային պաշարը։ Ըստ Լևոն Գալստյանի՝ այդ գետը միայն մի քանի ամիս է առատ ջուր ունենում։ «Բոլոր գետերը և Ազատ գետը հունիսի կեսերից սկսած սկսում է ջրի քանակը սակավել, Ազատ գետն ավելի կտրուկ է սակավաջուր դառնում, քանի որ իր վերին հոսանքներից վերցվում է բազմաթիվ ջրառներ և խմելու ջրի մեծ քանակություն՝ Երևան, Արտաշատ համայնքների ջրամատակարարումն ապահովելու համար»։ «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանի համոզմամբ՝ խնդիրը միայն բնապահպանական չէ. «Դա ջրի իրավունքի խախտում է լուրջ, մարդը ջրի իրավունք ունի»։ Բնապահպաններն ու գառնեցիները, սակայն, մտադրություն չունեն հասնել Քաղցրաշենի ծրագրի նախաձեռնողներին իրավական պատասխանատվության ենթարկելուն։ «Երբ որ դու դիմում ես համապատասխան մարմիններին ինչ-որ մարդկանց պատասխանատվության ենթարկելու համար, դա այնքան է ձգձգվում, որ վերջում արդեն էլ ժամանակ ու էներգիա չես ունենում»,- ասում է Լևոն Գալստյանը։ Բանախոսների պնդմամբ՝ ծրագիրը դադարեցնելու մասին Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը գառնեցիներին չի հանգստացրել, տեխնիկան վերջնականապես կիրճից դուրս չհանելու պարագայում նրանք կրկին ակտիվ գործողությունների կդիմեն։