Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կեղծում են այն դեղերը, որոնք թանկ են» (տեսանյութ)

Հասարակություն
68846

Ազգային ժողովն ընդունել է Դեղերի մասին օրենքի նախագիծը։ «Ոչ մի կազմակերպության չեն հրավիրել, ոչ ոք չի մասնակցել այդ օրենքի նախագծի դրույթների քննարկմանը»,-այսօր նշեց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը։ Ըստ նրա՝ մի բան է, երբ ընդունվում է օրենքի նախագիծը, մեկ այլ բան է կատարումը։ Սակայն սպառողների պաշտպանը հիմնական դրական կետերից բացի, նկատել է բացթողումներ։ «Այնտեղ տեղ է թողնված, որտեղ սպառողը կտուժի։ Այս օրենքի մեջ նորից տեսնում եմ մոնոպոլիզացիա։ Սերժ Սարգսյանը, վարչապետն այսօր պայքարում են մենաշնորհների դեմ, իսկ այստեղ ի հայտ է գալու դիրքի չարաշահման խնդիրը»։ «Գոյություն ունեն դեղեր, որոնք գենոտիպը կարող են վերացնել։ Պետք է ուշադիր լինել դրանց որակին»,-իր հերթին նշեց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի դեղագործակալության դեպարտամենտի ղեկավար Գայանե Խաչվանքյանը։  Նրա խոսքով՝ դեղերի որակի հսկումը լուրջ խնդիր է։ «Ռուսաստանյան դեղերի՝ Հայաստան ներթափանցման մեծ հնարավորություն կա։ Եթե ծանոթն այլ երկրից ուղարկում է դեղ, դա ուրիշ է։ Բայց երբ մեծ քանակով է գալիս, դա արդեն այլ խնդիր է»։ Ինչ վերաբերում է դեղերի կեղծման խնդրին, տիկին Խաչվանքյանը նշեց. «Իհարկե, չի կարելի ասել, որ մեր երկրում դեղերի կեղծում չկա։ Բայց հիմնականում կեղծում են այն դեղերը, որոնք թանկ են։ Եվ տեղի արտադրողները դա չեն անում, այլ դրսից եկած դեղերի դեպքում է»։ Նա հիշեցրեց մեկ այլ խնդրի մասին. «ԱԱՀ-ն մինչև հիմա դեղերից հանված չի»։ Ինչ մնում է դեղերի արժեքին, դեղագործակալության դեպարտամենտի ղեկավարն ասաց. «Լավ դեղը չի կարող 100 դրամ արժենալ։ Իհարկե, կան դեղեր, որ բավականին էժան են, բայց այդ գինը մնում է՝ ելնելով մրցակցային խնդիրներից։ Նշեմ նաև, որ ունենք փայլուն դեղարտադրող ընկերություններ»։