Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

5 օրում 3 ձկնաբուծարան է փակվել (տեսանյութ)

Հասարակություն
fish

Վերջին 5 օրվա ընթացքում երեք ձկնաբուծարան է փակվել։ Իսկ տարեսկզբից մինչև հիմա դրանց թիվը հասնում է 25-ի։ Այդ մասին այսօր հայտնեց Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը։ «Հիմնական պատճառը ձկան բարձր ինքնարժեքն է և ցածր մեծածախ գինը։ Մենք առնվազն աշնանը էլի փակված ձկնաբուծարաններ կունենանք։ Հիմա հազիվ 70-80 տնտեսություն է մնացել»,-ասաց նա։ Պարոն Աթոյանը հիշում է պատկան մարմինների քայլերը, որ այդպես էլ արդյունք չեն տալիս. «2015 թվականի մարտի 20-ին Հովիկ Աբրահամյանը տվեց հանձնարարություն, որ պետք է կանխարգելիչ միջոցառումներ իրականացվեին։ Մենք 18 գրություն ենք ուղարկել Գյուղատնտեսության նախարարությանը, սակայն մինչև հիմա պատասխան չենք ստացել։ Գյուղնախարարությունն իր գործելաոճով նպաստում է ձկնարտադրության ոլորտի մենաշնորհացմանը»։ Ձկնարտադրող Հայկազ Զեյնալյանն իր հերթին նշեց, որ վերջին տարիներին ձկան արտահանումը ձեռնտու չէ. «Այստեղ ձուկը մնում, լճանում է, գներն ընկնում են։ Եվ ձկնարտադրողները ստիպված փակում են իրենց տնտեսությունը։ Սակայն իրենք այլ գործով էլ չեն կարող զբաղվել, քանի որ այնքան ներդրումներ են արած լինում...»։ Պարոն Զեյնալյանը նաև ընդգծեց, որ տարվող քաղաքականությունը ձկնարտադրողների նկատմամբ անընդհատ հարված է հասցնում նրանց աշխատանքին։