Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԽ առաջարկներն անընդունելի են և ապակառուցողական. ՔԱԳՎ

Պաշտոնական
airplane

Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի քննարկման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի 2016 թվականի մայիսի 20-ին տեղի ունեցած նիստի հետևանքով Հանրային խորհրդի կողմից տարածվել է մամուլի հաղորդակցություն՝  «Հանրային խորհուրդը նախատեսում է հանրային լայն քննարկում քաղավիացիայի խնդիրների վերաբերյալ», որի առանձին կետերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (ՔԱԳՎ) հայտնում է հետևյալը. Կարևորելով հանրության մասնակցությունը երկրի կարևորագույն տնտեսական ճյուղերի զարգացման գործընթացին և առավել թափանցիկությունը տվյալ ճյուղերի կառավարման գործընթացում, միաժամանակ կցանկանայինք, որպեսզի նման գործընթացները առավել դրական ազդեն Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա, այլ ոչ թե լրացուցիչ խոչընդոտներ ստեղծեն դրա զարգացման համար և հետ մղեն այսօրվա դինամիկ զարգացող միջազգային համայնքից։ Այսպես. «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը առաջին անգամ ընդունվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից 2002 թվականի մայիսի 20-ին։ Նշված օրենքի մշակման համար հիմք են հանդիսացել եվրոպական համայնքի մի շարք երկրների առաջատար փորձը, այդ թվում Շվեդիայի Թագավորության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության ավիացիոն օրենսդրությունը, միաժամանակ օրենքի մշակման ընթացքում դրա մեջ ներառվել են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ՝ ԻԿԱՕ) կողմից առավել կարևորվող թռիչքային և ավիացիոն անվտանգությունը կանոնակարգող ստանդարտները։ Հաշվի առնելով, որ միջազգային տնտեսության գրեթե ամենադինամիկ զարգացող տնտեսության ոլորտը վերջին տասնամյակներում քաղաքացիական ավիացիայի ոլորտն է, որի միջազգային կանոնակարգումները կրում են անընդմեջ բնույթ, 2007 թվականի փետրվարին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ընդունվեց  «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենք, որը մինչև 2015 թվականը մշտապես փոփոխվում և լրացվում էր ԻԿԱՕ-ի ստանդարտներին համապատասխան։ Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ոլորտի զարգացմանն ուղղված մեծ ծավալով առավել թափանցիկ քննարկումներ են կազմակերպվել և իրականացվել Հայաստանի Հանրապետությունում մի շարք օտարերկրյա պետությունների դեսպանատների, Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, USAID, Մաք Քենզիի և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Տվյալ հարցերի քննարկման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից ստեղծվել է նաև միջգերատեսչական հանձնաժողով, որը բազմիցս քննարկել է ոլորտի շարունակական կատարելագործմանն ուղղված միջոցառումները՝ միջազգային ստանդարտների շարունակական ներդրում, քաղաքացիական ավիացիայի ոլորտի լիազոր մարմինների կառուցվածքի և լիազորությունների տարանջատում և օրենսդրության ներքին և միջազգային մարտահրավերներին առավել համապատասխանեցում, որոնց արդյունքում մշակվեց և 2015 թվականի հունիսի 19-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ընդունվեց  «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենք՝ ըստ էության օրենքի նոր խմբագրություն, որի մեջ հաշվի են առնվել տեղական և միջազգային բոլոր կառույցների առաջարկները։ Հարկ է նշել, որ սկսած 2003 թվականից մշակվել և ընդունվել են ոլորտը կանոնակարգող շուրջ 31 հատ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում և 49 հատ ՔԱԳՎ պետի հրամաններ, որոնք մշտապես փոփոխվում և լրացվում են միջազգային ստանդարտներին համապատասխանեցման նպատակով։ Անհրաժեշտ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում թռիչքային անվտանգության համալիր աուդիտներ են իրականացվել՝ ԻԿԱՕ կողմից (2007 և 2015 թվականներ), ԵՎՐՈԿՈՆՏՐՈԼ նավագնացության միջազգային կազմակերպության կողմից (2010 թվական) և ավիացիոն անվտանգության համալիր աուդիտներ Եվրոպական ավիացիայի անվտանգության կոնֆերանսի կողմից (2007, 2009, 2011, 2013 և 2016 թվականներ), որոնց արդյունքում արձանագրվել է Հայաստանի Հանրապետության ավիացիոն օրենսդրության գրեթե իդեալական համապատասխանությունը միջազգային ստանդարտներին։ Ներկայումս ՔԱԳՎ կողմից իրականացվում են ընդհանուր նշանակության ավիացիայի, սիրողական թռիչքների կանոնակարգմանն ուղղված ուսումնասիրություններ և ենթաօրենսդրական ակտերի մշակման աշխատանքներ, ինչպես նաև ոլորտի գիտական զարգացումների և օդանավերի փորձարկումների նպատակով համապատասխան համաձայնագրեր են ստորագրվել Ռուսաստանի Դաշնության Քաղաքացիական ավիացիայի գիտահետազոտական ինստիտուտի հետ։ Ինչ վերաբերվում է վերը նշված՝ Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի մամուլի հաղորդակցությունում տեղ գտած Օդային օրենսգրքի նախագծին, ապա հարկ է նշել, որ այն ակնարկվում է սկսված 2005 թվականից, և դրա մասնագիտական քննարկումների արդյունքում առաջնահերթություն է տրվել գործող օրենքի մոդելին, իսկ մասնագետների կողմից նշվել է, որ ներկայացված օրենսգրքի նախագիծը ուղղակի Ռուսաստանի Դաշնության Օդային օրենսգրքի հայերեն թարգմանությունն է, այն էլ առանց վերջին տարիների միջազգային ստանդարտների համապատասխանեցման: Դրանով չի կարգավորվում որևէ այլ հարց, քան  «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, ընդհակառակը՝ գործող օրենքը ավելի ամբողջական է և ընդգրկում է վերջին տարիների ընդունված միջազգային ստանդարտների պահանջները։ Իսկ ինչ վերաբերվում է օրենք թե օրենսգրք տարբերակմանը, ապա դա զուտ իրավական տեխնիկայի խնդիր է, քանի որ, համաձայն  «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի՝  «Օրենքները կարող են ընդունվել օրենսգրքերի տեսքով: Օրենսգիրքն իրավունքի համասեռ հասարակական հարաբերությունները կարգավորող բոլոր կամ հիմնական նորմերը համակարգված և կանոնակարգված ձևով շարադրված օրենքն է», իսկ առաջարկվող օրենսգիրքի նախագիծը ոչ մի կերպ բոլոր կամ հիմնական նորմեր չի համակարգում, այլ ենթադրում է բազմաթիվ ենթաօրենսդրական ակտերի առկայություն, որոնք ներկայումս արդյունավետ գործում են։ Անհրաժեշտ է նաև փաստել, որ Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովում որոշ մարդիկ նպատակ ունեն իրենց կարևորությունը ընդգծել անհիմն բովանդակությամբ քննարկումների միջոցով, որը թույլատրելի չէ և խոչընդոտում է ոլորտի զարգացմանը միտված առողջ զարգացումներին։ Ելնելով վերոգրյալից, Գլխավոր վարչությունը, ոչ միայն չի կարևորում հաղորդագրության մեջ նշված առաջարկները, այլ նաև համարում է դրանք անընդունելի և ապակառուցողական։ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն