Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Գալանտերյանի անհայտ գործերը կներկայացվեն ունկնդրին

Մշակույթ
13235857_954727974642057_36357597_n

Մայիսի 24-ին, ժամը՝ 19:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա  «Հայտնի և անհայտ Նիկոլ Գալանտերյանը» խորագրով համերգը՝ նվիրված մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 135-ամյակին: Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահարուհի Մարգարիտ Սարգսյանը կներկայացնի  կոմպոզիտոր Նիկոլ Գալանտերյանի ճանաչված ու անծանոթ երգերի նոր մշակումները: Հոբելյանական երեկոյի ընթացքում ելույթ կունենան Դիանա Հարությունյանը/սոպրանո/, Սարգիս Աղամալյանը/տենոր/, Անդրանիկ Մալխասյանը/բարիտոն/, Արմեն Մանուկյանը/ջութակ/: Մարգարիտ Սարգսյանի կողմից 2015 թվականին ներկայացվեցին գալանտերյանական մշակումները, որոնք հանդիսատեսի համար իսկապես բացահայտում էին, քանի որ սիրված կոմպոզիտորը ներկայացավ նորովի: Նիկոլ Գալանտերյանի հոբելյանական համերգին կներկայացվեն նոր մշակումներ՝ «Մոռանալ» /խոսք՝ Վ. Տերյանի/, «Ժամացույց» /խոսք՝ Ն. Գալանտերյանի/, «Սիրտս նորից»/խոսք՝ Բզնունի/, «Հրաժեշտի Գազել» /խոսք՝ Վ. Տերյանի/ և այլ ստեղծագործություններ: Պատմական Հայաստանի Ակն քաղաքում ծնված Նիկոլ Գալանտերյանը ցեղասպանությունից մազապուրծ հաստատվում է Իրանում: Այստեղ հիմնադրել է «Գողթան» երգչախումբն ու սկսել ստեղծագործել: Սիրերգեր, սոնետներ, ժողովրդական երգերի մշակումներ, մանկական երգեր, խմբերգեր, օպերաներ: Հազարի հասնող իր ստեղծագործությունները Նիկոլ Գալանտերյանը «հույսերի եւ հույզերի մրմունջներ» էր կոչում: Մարգարիտ Սարգսյանը բնագրերից օգտվելով՝ մշակել է ավելի քան երկու տասնյակ ստեղծագործություն, որոնցից շատերը երբևէ չեն մշակվել և ունկնդրին կներկայացվեն առաջին անգամ: Դաշնակահարուհի Մ. Սարգսյանն ասում է. «Իմ նպատակն է այդ մշակումներով Նիկոլ Գալանտերյանի երաժշտությանը նոր ոգի, թռիչք տալ, բաց անել այն, ինչ, միգուցե, կոմպոզիտորը պահել է իր շատ համեստ, քնքուշ, նուրբ մրմունջների մեջ: Բայց ցույց տալ, որ մրմունջների մեջ կա խորը փիլիսոփայություն, որովհետեւ Գալանտերյանն իր ամբողջ զգացողությամբ, էությամբ դասական կոմպոզիտոր է»: Նիկոլ Գալանտերյանի հոբելյանական համերգը նոր թևեր և շունչ կհաղորդի տասնամյակներ շարունակ ժողովրդի կողմից մեծապես սիրված ստեղծագործություններին՝ առավել ճանաչելի դարձնելով մեծանուն կոմպոզիտորի մեղեդիները: