Վարչապետը գառնեցիներին խոստացավ չեղարկել ծրագիրը (տեսանյութ)
16. 50 Գառնեցիները նախ վարչապետից երաշխիքներ խնդրեցին, որ իրենց այլեւս ոչ ոք չի սպառնա, չի վախեցնի իրենց պայքարի համար, ապա հորդորեցին ասել, թե երբ գրավոր կչեղարկվի ծրագիրը՝ այդպես էլ չցանկանալով բացել մայրուղին։ Հովիկ Աբրահամյանը խոստացավ գրավոր չեղարկել ծրագիրը երկուշաբթի օրը։ «Եթե ծրագիրը խնդիր չունենար, դուք փակեիք ճանապարհը՝ ոչ մի բան չէր փոխի դա, պետությունը կբացեր ճանապարհը, բայց եթե եկել ենք այստեղ, ուրեմն մենք էլ ենք հասկանում, որ թերություններ կան»,-ասաց վարչապետը՝ հորդորելով բացել ճանապարհը, որպեսզի նա մոտենա շինաշխատանքների հատվածին։ 16. 39 «Ես կյանքում որեւէ մեկի հացը չեմ կտրել»,-գառնեցիներին համոզում էր Հովիկ Աբրահամյանը։ «Այստեղ ձեր շահն է։ Ազատ գետը 100 տոկոսով չորանալու է։ Երկու կարծիք չկա այստեղ։ Ձեզ էլ են խաբում, պարոն վարչապետ։ Պահանջում ենք, որ տեխնիկան հանեն, ծրագիրը չեղարկվի, հակառակ դեպքում՝ մենք Երեւանի ջուրը կտրելու ենք»,-պնդում էին գառնեցիները։ «Համաձայն եմ՝ Քացրաշենի ոռոգման ծրագիրը հիմա դադարեցնում ենք, տեխնիկան հանում ենք, իսկ դուք ճանապարհը բացում եք։ Գեղարդալճի ծրագիրն էլ ձեր հետ միասին կքննարկենք առաջիկայում»,-խոստացավ վարչապետը։ 16. 16 Քիչ առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մոտեցավ գառնեցիներին՝ լսելով նրանց պահանջները։ Գառնեցիները վարչապետից պահանջեցին, որպեսզի տեխնիկան դուրս բերվի տարածքից։ «Ամենավատը պետք է վարչապետը ապրի, նախագահը, ոչ թե ժողովուրդը։ Իշխանությունները բոլոր կամուրջները այրել են։ Դուք պետք է գայիք չեղարկման որոշումով»,-նշեցին գառնեցիները։ Ի պատասխան նրանց պահանջների՝ Հովիկ Աբրահամյանը ցանկանում էր խոսել, սակայն գառնեցիները թույլ չէին տալիս նրան խոսել։ «Ոչ մի ժողովուրդ իր վարչապետի հանդեպ այսպես չի վերաբերվում»,-ասաց Հովիկ Աբրահամյանը՝ փորձելով լռեցնել գառնեցիներին եւ պատասխանել նրանց հարցերին։ Ի վերջո, վարչապետը նշեց. «Չեմ կարծում, որ լինի մի վարչապետ, որը ցանկանա, որ գառնեցու ջուրը կտրվի, գառնեցին վատ ապրի։ Ես ինքս հետ կքաշվեմ այդ ծրագրից, եթե իմանամ դա բացասական հետեւանք ունի։ Եթե ամբողջ Գառնիի ժողովուրդը, բոլորը կուզեն, որ ծրագիրը չանենք, հարց չկա՝ չենք անի, վաղը հարցում ենք անցկացնելու՝ դա պարզելու համար»։ 16.00 Գառնի գյուղի բնակիչները երեկվանից փակել են Երեւան-Գառնի ճանապարհը: Նրանք պահանջում են դադարեցնել Ազատ գետի կիրճում կատարվող շինարարական աշխատանքները: Կառավարության որոշմամբ՝ Ազատ գետի ջուրը պետք է վերցվի խողովակի մեջ և ուղղվի Արարատի Քաղցրաշեն և Նարեկ գյուղերը: Ակցիայի մասնակիցների խոսքերով՝ կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանն այստեղ իր շահը ունի, քանի որ այդ ջրով ոռոգվելու են նրան պատկանող հողատարածքները, ինչպես նաեւ այդ ջուրը գնալու է նրա ձկնաբուծարանները: Այս պահին ժողովուրդը պահանջում է ծրագրի չեղարկում։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը լսում է գառնեցիներին։