Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Ծառուկյանի թիկնազորի անդամ ներկայացածը խաբել է քաղաքացուն (տեսանյութ)

Հասարակություն
avto-nkar

4 երեխաների հայր Վրեժ Տեր-Գալստանյանը արդեն երկու տարի է պայքարում է իր  «Տոյոտա»  մակնիշի մեքենան հետ ստանալու համար: Նրա խոսքերով՝ նոտարական հաստատումով, տարժամկետ մարումով  մեքենա է գնել ոմն Կարեն Առաքելյանից, ով ներկայացել  է որպես Գագիկ Ծառուկյանի անձնական թիկնազորի անդամ:  2800 դոլար վճարել է ամիսների ընթացքում, սակայն պարզվել է, որ մեքենան անսարք է: Կարեն Առաքելյանի հետ խնդիրը պարզելու փորձն ավարտվել է սպառնալիքներով եւ մեքենան հետ վերցնելով:   Հիմա նա միայն մեկ ցանկություն ունի: « Որ պարոն Ծառուկյանը իմանա իր  թիկնազոր ներկայացած անձինք ինչ սեւ գործեր են անում: Գումարը խլելուց հետո մեքենան էլ են խլում եւ մինչեւ հիմա ոչ մի կոպեկ չեն վերադարձնում : Ինձ ասում են, ուզում ես դիմի Վովա Գասպարյանին, ուզում ես դիմի դատարան:  Ում ուզում ես դիմի, միակ մարդը Էդոն է, որ մեզ կարող է ասել՝ տվեք կամ մի տվեք»,- «Ա1+»-ին ասաց Վրեժ Տեր-Գալստանյանը: Էդոն` Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ  Բաբայանն է: Նրա խոսքերով՝  հանդիպում է կազմակերպվել նաեւ թիկնազորի պետի հետ եւ նա հերքել է իր մասնակցությունը այս  դեպքին:  « Էդոն իմ  հարազատների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ոչ մի բանից տեղյակ չէ: Անգամ վիրավորել է Կարենին, որ դու քանի գլխանի ես, որ իմ ու պարոն Ծառուկյանի անունից նման սեւ գործեր անես»: Հիմա Վրեժ Տեր-Գալստանյանը  մեկ ցանկություն ունի՝ հետ ստանալ իր տված գումարները: Ի դեպ, «Ա1+»-ը փորձեց կապ հաստատել նաեւ Կարեն Առաքելյանի հետ, վերջինս հարցը լսելուց հետո ասաց,  որ իրեն հարմար չէ եւ կզանգահարի ավելի ուշ:   Ավելի ուշ  զանգահարեց Կարեն Առաքելյանը՝ հերքելով, որ նման դեպք է տեղի ունեցել: Նրա խոսքերով՝ դեռ 7 ամիս առաջ Վրեժ Տեր-Գալստանյանը դիմել է ոստիկանության Կոտայքի բաժին, սակայն հանցակազմի բացակայության հիմքով գործը կարճվել է: «Եթե ես սխալ լինեի, ինձ օրենքի բոլոր խստությամբ կպատժեին, բայց քանի որ ես ճիշտ եմ եղել, հարցը փակվել է: Մենք պարտք ու պահանջ ընդհանրապես չունենք: Ամեն հարց լուծված է»,- ավելացրեց նա: Ի դեպ, Կարեն Առաքելյանը հայտարարեց, որ ընդհանրապես կապ չունի Գագիկ Ծառուկյանի հետ: