«Ես չեմ հավատում, որ դա կվերածնի հարաբերությունները». ադրբեջանցի  փորձագետ

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը՝ հայ և ադրբեջանցի փորձագետների մասնակցությամբ, ուղիղ եթերում հեռուստակամուրջ էր կազմակերպել։

Քննարկման շրջանակում Հելսինկյան ասամբլեայի ադրբեջանական ներկայացուցչության մամուլի քարտուղար Նիկատ Մելիկովը գնահատեց նախօրեին կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումը. «Ես չեմ հավատում, որ դա կվերածնի հարաբերությունները։ Ադրբեջանին այս դեպքում պետք է ուժեղանալ։ Դա կլինի քաղաքական, դիվանագիտական, թե ռազմական առումով, դա արդեն, ինչպես ասում են՝ մեթոդներ են»։

Մինչդեռ մեկ այլ ադրբեջանցի, IWPR-ի փորձագետ Շահին Ռզաևն այլ կարծիքի է. «Հստակ հայտարարվեց, որ պատերազմը լուծում չէ։ Առաջին անգամ 22 տարվա ընթացքում՝ կրակի դադարեցումից հետո, այդ ձևակերպումը հայտնվեց երկու կողմերում էլ։ Հույս ունեմ, որ դիպուկահարներն այլևս չեն կրակի»,-ասաց նա։

Մեր քաղաքագետներն այս հանդիպումը, միանշանակ, դրական են գնահատում. «Այն, որ քաղաքական ձևաչափը միացավ, դա հույս է տալիս, որ փոխգործակցությունը կողմերի ոչ միայն կրակոցներով, այլ բանակցային սեղանի շուրջ շարունակվելու է»,-ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Ադրբեջանցի փորձագետ Նիկատ Մելիկովն իր խոսքում պարբերաբար փորձում էր մեղադրանքներ հնչեցնել հայկական կողմի հասցեին. «Ո՞վ է ամեն անգամ կրակի դադարեցման ռեժիմը խախտում. կարո՞ղ եք երաշխավորել, որ Ադրբեջանն է ամեն անգամ դա անում։ Ես չեմ կարող»։

«Այդ դեպքում ինչո՞ւ Ադրբեջանը չի համաձայնում դիպուկահարների հեռացմանը սահմանից և այն սարքի տեղադրմանը, որը ֆիքսում է, թե որտեղից են կրակում»,-հակադարձեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում