Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Qatar Airways-ը Հայաստանին հնարավորություն է տալիս կապվել աշխարհի հետ

Կարևոր լուրեր Տնտեսություն
qatar

Այսօրվանից սկսած՝ Qatar Airways-ը մեկնարկում է չվերթները դեպի Երեւան՝ նախատեսելով շաբաթական չորս թռիչք՝ Դոհա-Երեւան-Դոհա ուղիով: Այսօր վաղ առավոտյան Qatar Airways-ի առաջին չվերթով Երեւան է ժամանել ընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Հյուհ Դանլիվինը: Ավելի ուշ նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ թեեւ իրենց ավիաընկերությունը երիտասարդ է, սակայն արդեն լուրջ ձեռքբերումներ ունի եւ այդ ձեռքբերումների թվին նրանք ցանկանում են ավելացնել Հայաստանը: «Մեր մեկնարկով ցանկանում ենք աշխարհը կապել Հայաստանի հետ եւ հակառակը: Լինելով երիտասարդ ընկերություն՝ 19 տարիների ընթացքում կարողացել ենք ձեռք բերել 184 ժամանակակից օդանավ, որոնք չվերթներ են իրականացնում աշխարհի 6 մայրցամաքներում՝ 150 ուղղություններով»,-ասաց նա: Հանդիպմանը ներկա՝ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն էլ նշեց, որ հպարտ են ողջունել Qatar Airways-ին  Հայաստանում: «Ուզում եմ կարեւոր մի բան նշել: Քաթարում նրանք սկզբում զարգացնում են օդանավակայանը, ապա միայն ավիաուղիները: Ահա սա մենք արեցինք մեր գործունեության հենց սկզբից՝ կառուցեցինք նոր օդանավակայան, պատրաստեցինք ենթակառուցվածքները, եւ  հիմա պատրաստ ենք ընդունել օդանավեր Քաթարից: Հայաստանն ունի այն բաց երկնքի քաղաքականությունը, որի համար տարիներ շարունակ պայքարում էինք: Սա Հայաստանին հնարավորություն է տալիս կապվել աշխարհի հետ: Քաթարը կարեւոր է մեզ համար, քանի որ այն հաղորդակցվում է  աշխարհի շատ երկրների հետ, ինչը մեծ հնարավորություն է ստեղծում Հայաստանի համար: Մենք պետք է շատ աշխատենք ոչ միայն սփյուռքահայերին, այլեւ զբոսաշրջիկներին Հայաստան բերելու համար: Քաթարը տալիս է մեզ այդ հնարավորությունը»,-եզրափակեց նա: Հարցին, թե ինչպիսին է լինելու ավիաընկերության գնային քաղաքականությունը, պարոն Հյուհ Դանլիվինը նշեց, որ ձգտելու են այնպես անել, որ այն հասանելի լինի երեւանցիներին: Qatar Airways-ը դեպի Երեւան չվերթները կիրականացնի A320 օդանավով՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ եւ կիրակի օրերին: