Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հյուսիս-արեւելյան հատվածում 7 մլն քմ տարածք ենք զիջել». Սեֆիլյան (տեսանյութ)

Քաղաքականություն
sefilyan

«Քառօրյա պատերազմում միայն հյուսիս-արեւելյան՝ Թալիշի, հատվածում մենք կորցրել ենք 7 մլն քառակուսի մետր տարածք». այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման բացահայտում արեց «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ նախագահ Ժիրայր Սեֆիլյանը՝ նշելով, թե ինքը իշխանություններին հորդորել էր ասել իրականությունը ժողովրդին, սակայն նրանք լռել են. «Մենք առաջին օրվանից տեղեկացված էինք՝ ինչ է տեղի ունենում առաջին գծում, ճշտել էինք մեր կորուստների չափը եւ հորդորել պաշտպանության նախարարությանը եւ անձամբ Արծրուն Հովհաննիսյանին, որ իրականությունը մեր ժողովրդին ներկայացնեն, որովհետեւ այն, ինչ կա, աշխարհի համար, հակառակորդի համար պարզ է, միակ անտեղյակը մեր ժողովուրդն է»,-ասաց Սեֆիլյանը: Նա իշխանություններին կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ գրավված դիրքերը հետ բերելու ուղղությամբ. «Մեր զոհերի նահատակությունը այս քաղաքական ղեկավարությունը, կարծես, ուզում է ջուրը լցնել: Մեղքը բանակինը չէ: Բանակն ամեն օր սպասում  է, հերթ են կանգնել, թե ով պետք է կատարի այդ գործողությունը, որը ռազմականորեն հեշտ է մեզ համար: Պարզապես իշխանությունն իր վախկոտության, ես կասեի նաեւ՝ դավաճանության պատճառով հրամանը չի արձակում: Զորքն ամեն օր սպասում է տարածքների ազատագրման հրամանին, որը երբ չի գալիս, զորքը  բարոյալքվում է»: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՇԱԳԱՄ-ի վարչության մյուս անդամները, որոնք հայտարարեցին, թե կամավորների հավաքագրում են սկսել: Նրանց խոսքով՝ կամավորներ են գրանցվել Հայաստանից, եվրոպական մի քանի երկրներից, ինչպես նաեւ Թուրքիայից: Կամավորների 15 տոկոսը կանայք են: Բայց նրանք առայժմ պետք է սպասեն պաշտպանության նախարարության արձագանքին, որպեսզի պատրաստվեն, ստորաբաժանումներ կազմեն, միայն հետո մեկնեն սահման:

168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ նման բան պարզապես չի կարող լինել. «Թալիշ գյուղից ամենահեռու դիրքը անգամ մինչ կորուստը եղել է 3-4 կմ, եթե 7 կմ կորցնեինք, Թալիշն էլ հետը կկորցնեինք, կհասնեին Մատաղիս արդեն: Ավելացնելու ոչինչ չունեմ»: