Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զոհված ու վիրավոր զինվորների ընտանիքները վարձով են բնակվում Երևանում

Հասարակություն
sahman11

 Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի մամլո հաղորդագրությունը Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված և վիրավոր զինծառայողների՝ վարձով ապրող ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցը շարունակում է անհանգստացնել Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին: Երեկ նա նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: «Նախորդ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեցիք, որ ապրիլին զոհված երևանաբնակ 3 զինծառայողների ընտանիքներին բնակարան նվիրելու նախագծերը կներկայացվեն ավագանու առաջիկա նիստում: Ապրիլին ռազմական գործողությունների ժամանակ զոհված երևանաբնակ զինծառայողների մասին ինձ տրամադրված տեղեկանքի համաձայն՝ իսկապես 3 զինծառայողների ընտանիքների վերաբերյալ կա նշում՝ «ապրում են վարձով», սակայն դիմել եմ նաև 4-րդի՝ ժամկետային զինծառայող Գրիգոր Հարությունյանի ընտանիքի համար, ովքեր ապրում են Գաջեգործների փողոցի վրա գտնվող կիսախարխուլ հանրակացարանում, տրամադրել եմ նաև տան վիճակը փաստող բոլոր լուսանկարները»,- ասում է տիկին Բախշյանը նամակում՝ ակնկալելով քննարկել նաև վերջինիս ընտանիքին  բնակարան  հատկացնելու   հարցը: «Հույս ունեի, որ  այսօրվա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ  Ձեր  կողմից կլիներ նաև վիրավորված ու հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին  բնակարանով  ապահովելու   վերաբերյալ  հանձնարարական, որովհետև   Ձեր տրամադրած՝  երևանաբնակ   վիրավոր  զինծառայողների  մասին 06.05.2016թ. հ.04/5-25598հ   թվակիր  տեղեկանքում  կան վարձով ապրող երկու զինծառայողի ընտանիքներ.  կապիտան  Արամ Աբրահամյան, ում կինը  3-րդ  բալիկին է  սպասում և  հատուկ նշանակության ջոկատային Հայկ Սեխիլյան, ով երկու զավակի հայր է, ունի ողնուղեղի վնասվածք  ու ակնհայտորեն դարձել է հաշմանդամ, լավագույն դեպքում  կարող է տեղաշարժվել  անվասայլակով: Կարծում եմ՝  այս ընտանիքներին  բնակարանով  ապահովելու  խնդիրը  նույնպես պետք է գտնվի Ձեր  և Երևանի ավագանու  ուշադրության կենտրոնում  ու   նրանք ևս  պետք  է  ապահովվեն  բնակարանով»,-եզրափակում է ավագանու անդամը: