Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանկը չի ներում պարտքը. քառօրյա պատերազմից հետո է զոհվել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hayr

Երեք երեխաների հայր, 40-ամյա Օնիկ Սահակյանը ընդամենը երեք օր կռվեց Արցախյան վերջին ազատամարտում՝ որպես կամավոր ճակատ մեկնեց ապրիլի 18-ին, զոհվեց ապրիլի 21-ին. «Չէր աշխատում ինքը, քանի ամիս էր  չէր աշխատում, ասեց գնամ, մինչեւ աշխատանքը կլինի, կգամ կաշխատեմ»,- ասում  է զոհվածի այրի Սվետլանա Սահակյանը: Զոհվածի քեռու կինը Օնիկին հիշեցրել է, որ երեք փոքր երեխա ունի, գուցե նրանց մասին մտածի ղարաբաղա-ադրբեջանական սահման մեկնելուց առաջ. «Ասեց՝ ոչ, ես պիտի գնամ, իմ Հայրենիքն ասում ա, զինվորի կարիք ունի»: Քառօրյա պատերազմից երկու օր առաջ Օնիկ Սահակյանը ՎՏԲ բանկից 150 հազար դրամի վարկ է վերցնում. «Վարկը դրել ենք երեխաների համար, որովհետեւ տունը հացի փող չենք ունեցել: Դրանից հետո դեպքը կատարվել ա, աշխատող չունենք»,- ասում է զոհվածի մայր Հասմիկ Կիրակոսյանը: Զոհվածի հարազատ Սարգիս Մարտիրոսյանը Օնիկի մահից հետո դիմում է բանկին, որպեսզի ինչ-որ կերպ աջակցեն վարկը չեղյալ համարելու, հաշվի առնելով, որ բոլոր մնացած բանկերը աջակցում են զոհերի ընտանիքներին, բանկը չի աջակցում. «Ասել ռուսների իրանց բանկն ա՝ նիչիվո լիչնովո, չիստը բիզնես»: Այսօր այս ընտանիքը մուծել է առաջին 12 հազար դրամը, կինը՝ Սվետլանա Սահակյանը  չգիտի, թե ինչպես են վճարելու. «Մենք իրա հույսով էինք, որ ինքը աշխատելու ա, ամեն ամիս վճարելու ենք: Իրա մահից հետո զանգեցին չգիտեին, որ մահացել ա, զանգեցին կանչեցին աշխատանքի»: Բանկի աշխատակիցը պարզաբանում է, թե ինչու չեն ընդառաջել՝ Օնիկ Սահակյանը զոհվել է ապրիլի 21-ին, երբ քառօրյա պատերազմն արդեն ավարտվել էր. «Պատերազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների անձնական վարկերը բանկը որոշում ա կայացրել, որ կների, բայց դա վերաբերում ա իրոք անձնական վարկերին 1-ից 5-ը զոհված զինծառայողներին»: Բանկն, այնուամենայնիվ, պատրաստ է ընդառաջել, առայժմ վերջնական որոշում կայացված չէ: Հարազատները սակայն ցնցված են, որ քառօրյա պատերազմից հետո զոհվածների ընտանիքների վարկերը ներման ենթակա չեն. «Եթե ամսի մինչեւ 4-ն ա պատերազմը, 4-ից հետո զոհվածները զոհվածներ չեն համարվում, ուրեմն թող վերջացնեն էս պատերազմը»,- ասում է զոհվածի մայրը՝ Հասմիկ Կիրակոսյանը: Մայրն ասում է՝ ոչինչ, ինքն իր թոշակից կմուծի վարկը, կինն էլ աշխատանքի առաջարկ է ստացել Նորքի թաղապետարանից. « Ասել ա, որ մանկապարտեզում, բան աշխատանք կգտնեք»: Մեր զրույցի վերջում դպրոցից տուն է վերադառնում Հասմիկը, ուսուցչուհին զոհվածի դստերն առանձնացրել է՝ ժամացույց է նվիրել: