ԼՂՀ ճանաչման հետևանքը՝ կազուս բելի. Զուրաբյանը բացատրում է (տեսանյութ)
Այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում «Ա1+»-ի հարցին ի պատասխան, թե ինչպես է վերաբերվում Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի ներկայացրած նախագծին՝ ԼՂՀ-ի անկախության ճանաչման վերաբերյալ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ այդ կապակցությամբ իրենց դիրքորոշումը Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն հայտնել է հոդվածի տեսքով: Մինչդեռ պարոն Զուրաբյանին «Ա1+»-ը հիշեցրեց, որ Զարուհի Փոստանջյանը հոդվածի վերաբերյալ ասել էր, որ հիմա էլ Լևոն Տեր-Պետրոսյանն է փորձում կրկնել այն, ինչ ասել են Սերժ Սարգսյանն ու Հերմինե Նաղդալյանը: «Հիմա էլ Լևոն Տեր-Պետրոսյանին են պատվիրել, որ դա հնչեցնի»,-նշել էր տիկին Փոստանջյանը: «Զարուհի Փոստանջյանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ինձ համար բացարձակապես հեղինակություն չէ, էն աստիճանի, որ ես չեմ գտնում, որ ես պետք է անդրադառնամ որևէ կերպ իր որևէ գնահատականի»,-ի պատասխան շեշտեց Լևոն Զուրաբյանը: ԱԺ առաջիկա լիագումար նիստում ինչպես է քվեարկելու ՀԱԿ խմբակցությունը այդ օրինագծին, այն դեպքում, երբ ՀՀԿ-ն ներկայացուցիչներն ասում են, որ այդ օրինագծի քվեարկությանն իրենք չեն մասնակցելու: Մեր այս հարցին ի պատասխան Լևոն Զուրաբյանը նշեց. «Սա հո առաջին անգամը չէ, էս նախագիծը միշտ եկել է , չեմ կարծում, որ մենք պետք է դեմ քվեարկենք: Այն մի անգամը, որ մենք քվեարկելու ենք Ղարաբաղի անկախության ճանաչման համար, դա մի անգամ է լինելու, և մենք քվեարկելու ենք կողմ, բայց երբ որ տեսնում ենք, որ պահը չի եկել, ապա համարում ենք, որ ավելի է լավ է ընդհանրապես չքվեարկել»: Այն դիտարկմանը, թե իսկ ինչու է Լևոն Տեր-Պետրոսյանը ԼՂՀ-ի ճանաչման մասին գաղափարը խելահեղ անվանում և ինչ աղետալի հետևանքների մասին է խոսքը , Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես չէի ուզի Տեր-Պետրոսյանի փոխարեն խոսել, բայց պարզ բաներ կան: Խնդիրը հետևյալն է՝ կա պլան, որը ըստ էության նախատեսում է հանրաքվեի անցկացում, որը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Ըստ էության աշխարհի գերտերությունները, Մինսկի խմբի համանախագահները ընդունել են Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը և ցույց են տալիս այն ուղին, որով այդ ինքնորոշման իրավունքը պետք է իրագործվի: Հիմա, եթե դրա փոխարեն Հայաստանը միակողմանիորեն ճանաչում է ԼՂՀ-ի անկախությունը, դրան հետևում են բազմաթիվ հետևանքներ»: Այս համատեքստում Զուրաբյանը հետևանքների թվարկման մեջ առանձնացրեց այն հանգամանքը, որ Հայաստանը միջազգային հանրության աչքերում Ադրբեջանին տալիս է այն, ինչ դիվանագիտության մեջ կոչվում է «կազուս բելի»: «Այսինքն՝ դա պատերազմ սկսելու արդարացում է: Եվ մենք մեր ձեռքով պետք է տա՞նք դա իրենց»,-հարց է բարձրացնում Զուրաբյանը: Մանրամասները՝ տեսանյութում