Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Analitik. am կայքի տնօրենի օգնականը կալանավորվեց

Քաղաքականություն
20.11.26

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշել երկամսյա կալանքն ընտրել որպես խափանման միջոց Analitik. am կայքի տնօրենի օգնական Վարդիթեր Գիշյանի նկատմամբ: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը`նշելով, որ կալանավորումն անհիմն է: «Որեւէ հիմնավոր կասկած չկար, որ նա կապ է ունեցել դեպքի հետ: Բացի այդ, նա ունի երկու տարեկան երեխա եւ մշտական բնակության վայր»: Հիշեցնենք, որ Վարդուհի Գիշյանին մեղադրանք է առաջադրվել Քր. Օր 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շորթում:  Հոդվածը նախատեսում է 3-7 տարվա ազատազրկում: Հիշեցնենք, որ  ՀՀ ԱԺ պատգամավորը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու ու հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազ. ՀՀ դրամ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործով՝ ԱԺ պատգամավորից գումար շորթելու կասկածանքով ձերբակալվել են «analitik.am» խմբագրության աշխատակիցներ Անի Հովհաննիսյանը եւ Վարդիթեր Գիշյանը: Այս պահին Արաբկիրի դատարանը քննարկում է նաեւ «analitik.am» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի  նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը: